Ֆինլանդիայում 2025 թվականին թմրանյութերից 333 մարդ է մահացել․ սա վիճակագրական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, հաղորդում է Yle-ն։
Նախորդ տարվա համեմատ մահերի թիվն ավելացել է 86-ով, ինչը նույնպես վիճակագրության վարման ամբողջ ընթացքում տարեկան ամենամեծ աճն է, հայտնել են Ֆինլանդիայի վիճակագրական կենտրոնից։
Մահացության աճ է գրանցվել բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատելի է եղել երիտասարդների շրջանում։ Ըստ վիճակագրական կենտրոնի վիճակագիր Կատյա Տասկինենի՝ անցյալ տարի թմրանյութերից մահացել է 15-24 տարեկան 64 մարդ՝ 60%-ով ավելի, քան 2024 թվականին։ Մահացածներից չորսի 18 տարին դեռ չէր լրացել։
Այսպիսով, 15–24 տարեկան ֆինների շրջանում յուրաքանչյուր հինգերորդ մահը պայմանավորված է եղել թմրանյութերով։ Վիճակագրական կենտրոնում նշում են, որ այս տարիքային խմբում այլ պատճառներից մահացությունը համեմատաբար ցածր է, ուստի թմրանյութերի օգտագործումը երիտասարդների կյանքի համար լուրջ սպառնալիքներից մեկն է։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ ամենաշատ մահերը գրանցվում են 25-34 տարեկանների շրջանում։ 2025 թվականին այս խմբում մահացել է 85 մարդ՝ 12-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել նաև 35-44 տարեկան ֆինների շրջանում՝ 83 դեպք, ինչը 19-ով ավելի է, քան 2024 թվականին։
Զգալի տարբերություններ են նկատվում նաև երկրի տարածաշրջանների միջև։ Թմրանյութերի հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել բոլոր բժշկական շրջաններում։ Մահացածների բացարձակ թվով առաջատար է Հելսինկին, որտեղ մահացել է 58 մարդ։ Հաջորդում են Պիրկանման՝ 30, Վարսինայս-Սուոմին՝ 28 և Հյուսիսային Պոհյանման՝ 25 դեպքով։
Բնակչության թվաքանակը հաշվի առնելու դեպքում ամենաբարձր մահացությունը գրանցվել է Պյայյատ-Հյամե տարածաշրջանում՝ 9,8 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով։
Կտրուկ աճել է նաև կանանց շրջանում մահերի թիվը։ 2025 թվականին թմրանյութերից մահացել է 94 կին՝ 44-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Սա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։



























