Վերջին տվյալներով՝ Իսպանիայի Տոլեդո նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 74-ի։ Այս տվյալները ներկայացված են Իսպանիայի երկաթուղային պատահարների հետաքննության հանձնաժողովի (CIAF) վերջին զեկույցում, հայտնում է իսպանական Público պարբերականը։

Մինչդեռ տարածաշրջանային իշխանություններն ավելի վաղ հայտնել էին 69 զոհի մասին, ուստի օպերատիվ ամփոփագրերում ներկայացվող թվերը դեռ տարբերվում են։

Աղետը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան՝ Ուրդա համայնքի մոտ, որտեղ բախվել են երկու արագընթաց գնացքներ՝ իսպանական պետական Renfe ընկերության և մասնավոր Iryo օպերատորի գնացքները։ Դրանցում ընդհանուր առմամբ 544 մարդ է եղել։

Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է ավելի քան 180 մարդ։ Տասնյակ ուղևորներ հոսպիտալացվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են նաև բախման հաջորդ օրը․ մասնագետներն ապամոնտաժել են վնասված վագոնները՝ ստուգելով՝ արդյոք բեկորների տակ այլ զոհեր չեն մնացել։

Քննության նախնական վարկածով՝ աղետի պատճառ կարող էր դառնալ մարդկային գործոնը՝ տեխնիկական անսարքության պայմաններում։ Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտնել է, որ ազդանշանային համակարգի խափանման պատճառով մի քանի գնացք կանգ է առել, սակայն Renfe-ի գնացքը թույլտվություն է ստացել շարունակելու երթևեկությունը սովորական արագությամբ։ Նախարարն այդ որոշումն անբացատրելի է անվանել։ Վթարի վերջնական պատճառները պետք է պարզվեն քննության ընթացքում։

Իսպանիայի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել։ Վարչապետ Պեդրո Սանչեսը խոստացել է ողբերգության հանգամանքների մանրակրկիտ քննություն անցկացնել։ Սա մեկ տարուց պակաս ժամանակահատվածում երկրի արագընթաց երկաթուղային գծերում տեղի ունեցած երկրորդ խոշոր վթարն է․ հունվարին Ադամուսում գնացքի վթարի հետևանքով զոհվել էր 46 մարդ։