Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հույս է հայտնել, որ Իսրայելի նոր կառավարության ձևավորումից հետո հնարավոր կլինի վերսկսել խաղաղ բանակցությունները։ Դրա մասին նա հայտարարել է հինգշաբթի Նիկոսիայում Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Երկար տարիներ մենք ձեռք ենք մեկնում իսրայելական կողմին՝ ձգտելով հասնել խաղաղության, որպեսզի Իսրայելն ու Պաղեստինը կարողանան ապրել անվտանգության, կայունության և խաղաղության պայմաններում»,- ասել է Աբասը։
Նա հավելել է, որ ակնկալում է երկխոսություն սկսելու հնարավորություն՝ Իսրայելի նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո։
Իսրայելում առանցքային խորհրդարանական ընտրությունների գրեթե բոլոր քվեների հաշվարկի արդյունքներով՝ նախնական գնահատականներով, ո՛չ այդ պահին գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաշինքը, ո՛չ էլ Գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքը խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու համար բավարար թվով մանդատներ չեն ստացել։ Արդյունքների անորոշությունը կարող է հանգեցնել իշխող կոալիցիայի ձևավորման շուրջ շաբաթներ տևող բանակցությունների։
Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղ գործընթացը երկար տարիներ փաստացի սառեցված է մնում՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում Պաղեստինը։
Նեթանյահուի կառավարման ընթացքում ընդլայնվել է իսրայելական բնակավայրերի շինարարությունը Հորդանան գետի բռնազավթված Արևմտյան ափին, ինչպես նաև հաճախացել են պաղեստինցիների նկատմամբ բռնության դեպքերը։ Աբասի գլխավորած Պաղեստինյան վարչակազմն այնտեղ սահմանափակ ինքնակառավարում է իրականացնում։
Նեթանյահուի աջակողմյան կոալիցիայի ներկայացուցիչները բացահայտ հանդես են եկել Արևմտյան ափի բռնակցման օգտին և աջակցել միջոցառումներին, որոնք ուղղված էին պաղեստինցիների հեռանալուն ինչպես այդ տարածքից, այնպես էլ պատերազմից ավերված Գազայի հատվածից։
Նեթանյահուն գլխավորում էր Իսրայելի կառավարությունը Գազայում լայնածավալ ռազմական գործողության ժամանակ, որը հաջորդել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման՝ Իսրայելի վրա հարձակմանը։ Պատերազմի հետևանքով հատվածի զգալի մասն ավերվել է։
Իսրայելն Արևմտյան ափը բռնազվաթել է 1967 թվականից ի վեր։ Այդ տարածքում բնակվում են շուրջ երեք միլիոն պաղեստինցի և ավելի քան 500 հազար իսրայելցի վերաբնակիչ։ Բռնազվաթված տարածքում իսրայելական բնակավայրերը միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական են համարվում։




























