Չեռնոգորիայի դեսպանատան տեղափոխությունը Լոնդոնի կենտրոնում գտնվող բնակելի տուն հանգեցրել է հարևանուհու հետ դատական վեճի։ Նա պնդում է, որ դիվանագիտական ներկայացուցչության հայտնվելը սրել է իր տագնապային խանգարումը, գրում է The Guardian-ը։
Առճակատումը դարձել է ավելի լայն խնդրի մի մասը. փոքր պետությունները դեսպանատներ են բացում Բրիտանիայի մայրաքաղաքի հեղինակավոր թաղամասերի վերափոխված բնակելի տներում՝ առաջացնելով տեղի բնակիչների դժգոհությունը։
Վեճի պատճառ է դարձել Պիմլիկո թաղամասի Քեմբրիջ սթրիթում գտնվող հինգսենյականոց ընտանեկան տունը Չեռնոգորիայի դեսպանատան վերածելը։ Հարևաններերից ոմանք վրդովվել են դրոշակաձողի և ցուցանակի տեղադրումից՝ առանց շենքի նշանակությունը փոխելու թույլտվության համար նախապես դիմելու։ Նրանք Չեռնոգորիայի դրոշն անճաշակ են անվանել և պնդել, որ այն խախտում է պատմական փողոցի զուսպ տեսքը, որտեղ տները պահպանվում են որպես ճարտարապետական հուշարձաններ։
Չեռնոգորիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի կազմակերպած՝ խմիչքներով ու խորտիկներով ընդունելության միջոցով դժգոհությունը մեղմելու փորձը ոչ բոլորի դեպքում է օգնել։ Ամերիկյան «Այվի լիգայի» համալսարաններից մեկի 35-ամյա շրջանավարտ Դիանա Սիմփսոնը, որը ծնողների հետ ապրում է դեսպանատան հարևանությամբ, հայց է ներկայացրել Վեսթմինսթերի համայնքային խորհրդի դեմ։
Սիմփսոնը ձգտում է հասնել իշխանությունների որոշման դատական վերանայմանը և հնարավոր փոխհատուցման։ Նրա պնդմամբ՝ դեսպանատան՝ շենքի նշանակությունը փոխելու և դրոշակաձող տեղադրելու ուշացած դիմումը քննելիս համայնքային խորհուրդը հաշվի չի առել տեղի ունեցածի ազդեցությունն իր հոգեկան առողջության վրա։ Կինը, որն ավելի քան 30 տարի ապրում է այդ փողոցում, հաշմանդամության նպաստ է ստանում, երբ իր մոտ կլինիկական տագնապայնություն, երկարատև ՔՈՎԻԴ-19 և ֆունկցիոնալ նյարդաբանական խանգարում են ախտորոշել։
Դատական փաստաթղթերում Սիմփսոնը հայտնել է, որ դեսպանատան հայտնվելու պատճառով ստիպված է քնել այլ սենյակներում։ Նրա ասելով՝ գիշերը սովորական ձայները, օրինակ՝ ճռռոցը, կարող են վախ առաջացնել, որ ինչ-որ մեկը հարևան շենքից կներթափանցի իր ննջասենյակ, թեև նա հասկանում է նման սցենարի քիչ հավանական լինելը։
Կինը միաժամանակ վկայակոչում է մարդու իրավունքների և հավասարության մասին օրենսդրության խախտումները։ Նա պնդում է, որ հնարավոր է զրկվի ընտանեկան տանն ապրելու հնարավորությունից, որտեղ մտադիր էր մնալ ամբողջ կյանքում, և ստիպված լինել հեռանալ տեղի սերտ համայնքից։ Սիմփսոնի գնահատմամբ՝ համայնքային խորհուրդը ողջամիտ չի գործել, հաշվի չի առել իր վիճակը և հանրային քննարկումներն անցկացրել է կողմնակալ կերպով, քանի որ Արտաքին գործերի նախարարությունն արդեն հավանություն էր տվել դեսպանատան տեղակայմանը։
Վեսթմինսթերի համայնքային խորհուրդը մերժում է մեղադրանքները։ Իր գրավոր առարկություններում գերատեսչությունը հայտարարել է, որ հիմքեր չկան կարծելու, թե իշխանությունների գործողությունները խախտել են հայցվորի՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը։ Համայնքային խորհուրդը ձգտում է հասնել պարզեցված կարգով՝ առանց դատական լսումների որոշման ընդունմանը։
Այս վեճը լույս է սփռել Լոնդոնում դիվանագիտական ներկայացուցչություններին առնչվող ավելի լայն խնդրի վրա։ Վարձավճարների աճի և անշարժ գույքի սեփականատերերի փոփոխության պատճառով փոքր պետություններն ավելի մատչելի տարածքներ են փնտրում հեղինակավոր թաղամասերում՝ հաճախ վերափոխելով սովորական ընտանեկան տները։
Այսպես, Թուրքմենստանի դեսպանատունը վերջերս բացվել է Քենսինգթոնի Վիկտորիա ռոուդում գտնվող նախկին բնակելի տանը։ Հարևաններից ոմանք էլ դժգոհություն են հայտնել՝ նշելով, որ չեն հասկանում, թե ինչու իրենց նախապես չեն տեղեկացրել շենքի նշանակության փոփոխության մասին։ Բնակչուհիներից մեկը խոստովանել է, որ դեսպանատան ներկայությունն ու պետական դրոշն իր մոտ անապահովության զգացում են առաջացնում, թեև հետագայում նշել է, որ դիավանգիտական ներկայացուցչության աշխատակիցներն առայժմ իրենց հանգիստ են պահում, և խնդիրներ չեն առաջացել։
Միևնույն ժամանակ Հյուսիսային Կորեայի փորձը ցույց է տալիս, որ նման հարևանությունը պարտադիր չէ, որ հանգեցնի առճակատման։ Հյուսիսային Կորեայի դեսպանատունն արդեն մոտ 20 տարի տեղակայված է Լոնդոնի արևմուտքում՝ Իլինգ թաղամասում գտնվող 1920-ականներին կառուցված նախկին բնակելի տանը։ Հարևանների պատմելով՝ դիվանագետները գրեթե ուշադրություն չեն գրավում, իսկ տեղի աշխատավորներից մեկը նրանց հաճելի մարդիկ է անվանել։




























