Ֆինլանդիայի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել երկրի հյուսիսում գտնվող Մուհոս քաղաքում Google-ի տվյալների կենտրոնի կառուցման համար տարածքի նախապատրաստման ընթացքում բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումների առնչությամբ։
Իշխանությունների վարկածով՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկայի դուստր ձեռնարկությունը՝ Tuike Finland-ը, անտառ է հատել և ցամաքեցրել շուրջ 330 հա տարածք՝ նախքան շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցության պարտադիր գնահատման ավարտը, գրում է The Guardian-ը։
«Նախնական տվյալներով՝ Tuike Finland Oy-ի տվյալների կենտրոնի շինհրապարակում տարածքի ցամաքեցման և ջրահեռացման կազմակերպման ընթացքում կատարվել են վիճահարույց գործողություններ և թույլ են տրվել խախտումներ»,- ասվում է Ֆինլանդիայի ոստիկանության՝ հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ։ Իրավապահները հավելել են, որ քննությունը նպատակ ունի պարզել հնարավոր խախտումների հանգամանքները։
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Ֆինլանդիայի իշխանությունները Google-ից պահանջել էին կասեցնել աշխատանքները երկու տեղամասերում՝ Մուհոսում և դրանից մոտ 100 կմ հարավ-արևելք գտնվող Օտանիեմիում։ Բնապահպանական պահանջների պահպանման և թույլտվությունների տրամադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն ընկերությանը կարգադրել էր դադարեցնել շրջակա միջավայրը փոփոխող նախապատրաստական աշխատանքները, քանի որ բնապահպանական հետևանքների գնահատումը չէր ավարտվել մինչև անտառահատման մեկնարկը։
Բնապահպան ակտիվիստների գնահատմամբ՝ Մուհոսում ոչնչացվել է շուրջ 250 հազար ծառ, իսկ Օտանիեմիում՝ ևս 150 հազար։ Երկրորդ տեղամասում անտառահատման մակերեսը կազմել է շուրջ 200 հա։
Google-ի ֆիննական ստորաբաժանման ղեկավար Անտտի Յարվինենը ներողություն է խնդրել անտառահատման համար՝ հայտարարելով, որ ընկերությունը գործել է՝ ելնելով օրենսդրության այն մեկնաբանությունից, որն ուներ տվյալ պահին։
Ֆինլանդիան տեխնոլոգիական ընկերություններին գրավում է զով կլիմայով, հողատարածքների հասանելիությամբ և հարաբերական աշխարհաքաղաքական կայունությամբ։ Երկրի իշխանությունները դիտարկում են պլանավորման տարբեր փուլերում գտնվող 145 տվյալների կենտրոնի կառուցման հայտեր։ Սեպտեմբերին Google-ը հայտարարել էր արհեստական բանականության համար ենթակառուցվածքի՝ 13 միլիարդ եվրո արժողությամբ նախագծի մասին․ ընկերությունն այն անվանել էր Եվրոպայում իր ամենախոշոր ներդրումը։ Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոն այն ժամանակ հայտարարել էր, որ ներդրումների ներգրավումը շարունակում է մնալ կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը։
Սակայն տվյալների կենտրոնների կառուցման շուրջ ստեղծված իրավիճակը համազգային քննարկում է առաջացրել տեղական համայնքների, շրջակա միջավայրի և էլեկտրաէներգիայի գների վրա նման նախագծերի ազդեցության վերաբերյալ։ Ավելի քան 93 հազար մարդ ստորագրել է ոլորտի կարգավորումը խստացնելու և բնապահպանական վնասի դիմաց փոխհատուցումներ նախատեսելու պահանջով հանրագիր։ Փորձագետները նշում են նաև, որ տվյալների կենտրոնները տեղերում համեմատաբար քիչ աշխատատեղեր են ստեղծում, իսկ հիմնական օգուտը ստանում են դրանց միջազգային օպերատորները։
«Իրականում Ֆինլանդիան ոչ մի առավելություն չի ստանում»,- հայտարարել է Հելսինկիի համալսարանի համակարգչային գիտությունների պրոֆեսոր Յուսսի Կանգասյարվին՝ ընդգծելով, որ տվյալների կենտրոնները սպասարկում են միջազգային հաճախորդների, իսկ երկրի համար դրանց օգուտը մնում է սահմանափակ։



























