Շվեդիայի Կենտրոնական կուսակցության առաջնորդ Էլիզաբեթ Թանդ Ռինգկվիստը համաձայնել է դիտարկել կենտրոնամետ կառավարությունը գլխավորելու համար վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։ Դրա մասին նա հայտարարել է SVT հեռուստաալիքին տված մեկնաբանությունում՝ խորհրդարանի խոսնակի հետ բանակցություններից հետո։

Ըստ Թանդ Ռինգկվիստի՝ խոսնակը հանգել է այն եզրակացության, որ կառավարության ձևավորման գործընթացում հաջորդ քայլը պետք է լինի կառավարության ղեկավարի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը։ Միաժամանակ քաղաքական գործիչն ընդգծել է, որ իրավիճակից դուրս գալու այլ հնարավոր տարբերակներ ևս կան։

«Կենտրոնական կուսակցությունը կշարունակի պատասխանատվություն կրել և կառուցողականորեն նպաստել Շվեդիայի կառավարության ձևավորմանը»,- հայտարարել է նա։

Թանդ Ռինգկվիստը համաձայնել է անցնել իր թեկնածության քննարկման ընթացակարգը՝ որպես կենտրոնամետ կառավարության վարչապետի թեկնածու։ Այդ կառավարությունը նախատեսվում է ձևավորել Կենտրոնական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության, Քրիստոնյա դեմոկրատների, Կանաչների կուսակցության և Լիբերալների մասնակցությամբ։

Շվեդիայում կառավարության ձևավորումը ենթադրում է խորհրդարանի խոսնակի մասնակցությունը, որը խորհրդակցություններ է անցկացնում կուսակցությունների առաջնորդների հետ և առաջարկում վարչապետի թեկնածուին։ Ընտրվելու համար թեկնածուին ձայների բացարձակ մեծամասնություն անհրաժեշտ չէ. բավական է, որ Ռիկսդագի պատգամավորների մեծամասնությունը դեմ չքվեարկի նրան։