CNN-ը, MS NOW-ն և Politico-ն ԱՄՆ դատարան են դիմել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ թարմացված հայցով՝ Սպիտակ տանը մեղադրելով դատարանի կարգադրությունները խախտելու մեջ, հայտնում է Associated Press-ը։

Երեք մեդիաընկերությունների պնդմամբ՝ իշխանությունները շարունակում են իրենց լրագրողներին թույլ չտալ լուսաբանել նախագահի աշխատանքը Օվալաձև աշխատասենյակում և նախագահական Air Force One ինքնաթիռում՝ չնայած նախագահական մամուլի խմբում նրանց հասանելիությունը վերականգնելու մասին դատարանի որոշմանը։

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, ներկայացված փաստաթղթում լրատվամիջոցները հայտարարել են, որ Թրամփը վրեժ է լուծում իրենցից իրեն դուր չեկող հրապարակումների համար։ Լրագրողների կարծիքով՝ նման գործողությունները խախտում են ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ երաշխավորված խոսքի ազատությունը, քանի որ իշխանությունները փաստացի պատժում են լրատվամիջոցներին նրանց նյութերի բովանդակության համար։ Թարմացված հայցը պարունակում է նախկինում տրված դատական կարգադրությունները մշտական դարձնելու խնդրանք։

Մեդիաընկերությունների փաստաբան Թեոդոր Բութրոս կրտսերը հայտարարել է, որ նույնիսկ դատարանի որոշումներից հետո Սպիտակ տունը շարունակում է արգելափակել երեք լրատվամիջոցների լրագրողների մուտքն այն վայրեր, որտեղ նախագահն առավել հաճախ է շփվում մամուլի հետ։

Դատական քննության առանցքում այն հարցն է՝ արդյոք նախագահը կամ իշխանության այլ ներկայացուցիչներ իրավունք ունե՞ն սահմանափակելու լրատվամիջոցների մուտքը պաշտոնական միջոցառումներին՝ նրանց հրապարակումների բնույթից ելնելով։ CNN-ը, MS NOW-ն և Politico-ն նման գործողությունները համարում են արտահայտվող տեսակետի հիմքով խտրականություն, որն արգելված է ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ։

Թրամփն իր հերթին պնդում է, որ պարտավոր չէ Սպիտակ տան տարածք, նախագահական ինքնաթիռ և այլ վայրեր մուտք տրամադրել այն լրատվամիջոցների լրագրողներին, որոնց նյութերը նա անբավարար է համարում։ Հինգշաբթի առավոտվա դրությամբ վարչակազմը թարմացված հայցին պատասխան չէր ներկայացրել։

Վերջին դիմումը ներկայացվել է մոտ երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ դաշնային դատավոր Թիմոթի Քելլին որոշել էր, որ երեք մեդիաընկերությունները գործը շահելու լուրջ հիմքեր ունեն։ Ավելի վաղ նա արդեն եզրակացրել էր, որ վարչակազմը խախտել է Հինգերորդ փոփոխությամբ երաշխավորված՝ լրագրողների պատշաճ իրավական ընթացակարգի իրավունքը։ Հոկտեմբերի 13-ին դատավորը նաև հիմնավոր էր համարել խոսքի ազատության խախտման վերաբերյալ լրատվամիջոցների փաստարկները։

Քելլին մերժել է Թրամփի այն փաստարկները, ըստ որոնց սահմանափակումները թելադրված էին պետական քաղաքականության, այդ թվում՝ ազգային անվտանգության նկատառումներով։ Դատավորը լրագրողներին մամուլի խմբից հեռացնելու որոշումը կապել է նախագահի այն հայտարարությունների հետ, ըստ որոնց նրանց հրապարակումները ոչ ճշգրիտ և կողմնակալ էին։

«Պարզ ասած՝ սա տեսակետի հիմքով ապօրինի խտրականություն է»,- գրել է Քելլին իր որոշման մեջ։

Հայցում լրատվամիջոցները զգուշացնում են, որ նման գործողությունները սպառնալիք են ստեղծում բոլոր լրատվամիջոցների համար, քանի որ լրագրողները կարող են բախվել նմանատիպ սահմանափակումների այն նյութերի համար, որոնք նախագահը կհամարի ոչ բավարար չափով բարենպաստ։ Նրանց կարծիքով՝ արդյունքում հանրությունը զրկվում է կառավարության աշխատանքի մասին լիարժեք և ժամանակին տեղեկատվությունից։