1887 թվականին հիմնադրված ֆիննական Suomen Tietotoimisto (STT) լրատվական գործակալությունը մինչև 2027 թվականի մարտի վերջը կդադարեցնի իր գործունեությունը լրատվական լրագրության և ֆոտոլրագրության ոլորտներում։ Որոշումն ընդունվել է վերակազմավորման շուրջ բանակցությունների ավարտից հետո, հայտնել է գործակալությունը հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին։
Այս ուղղությունների փակման հետևանքով աշխատանքը կկորցնի 89 մարդ, այդ թվում՝ 68 լրագրող։ Բանակցությունները վերաբերում էին 95 մշտական աշխատակցի։ Նախնական գնահատականներով՝ լրագրությամբ չզբաղվող վեց աշխատակցի կառաջարկվի մնալ ընկերությունում։ Բացի դրանից, կավարտվի 30 ժամկետային աշխատանքային պայմանագրերի և շրջանակային համաձայնագրերի գործողությունը։
STT-ն կշարունակի հաճախորդներին սպասարկել սովորական ռեժիմով մինչև 2027 թվականի մարտի 31-ը։ Միաժամանակ ընկերությունների և կազմակերպությունների մամուլի հաղորդագրությունների տարածմամբ զբաղվող STT Viestintäpalvelut ստորաբաժանումը կշարունակի գործել։ Այնտեղ աշխատում է յոթ մարդ, որոնց վերակազմավորումը չի առնչվում։
Փակման որոշումը պայմանավորված է տարիներ շարունակ կրած ֆինանսական վնասներով և բիզնեսի հետագա զարգացման համար սեփականատերերի կողմից բավարար աջակցության բացակայությամբ։ Ծախսերի կրճատման նախկին միջոցառումները չեն ապահովել ընկերության ֆինանսական կայունությունը։
Լրացուցիչ հարված էր գործակալության խոշորագույն բաժնետեր և հաճախորդ Sanoma Media Finland մեդիաընկերության որոշումը՝ էապես կրճատելու STT-ի լրատվական և լուսանկարչական նյութերի օգտագործումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում Sanoma-ն փորձել է գտնել այլ մասնակիցների, որոնք պատրաստ կլինեին կիսելու գործակալության զարգացման պատասխանատվությունը, սակայն սեփականատերերի շրջանակի ընդլայնման շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել։
Ֆինլանդիայի իշխանությունները քննարկել են STT-ին մոտ 1 միլիոն եվրոյի պետական օգնություն հատկացնելու հնարավորությունը, սակայն գործակալությունը հրաժարվել է այդ միջոցներից՝ դրանք անբավարար համարելով աշխատանքը շարունակելու համար։
STT-ի ղեկավար Կիմմո Լաակսոնենը լրատվական և լուսանկարչական ուղղությունների փակումը ծանր իրադարձություն է անվանել ընկերության համար։ Նա նշել է,որ գործակալությունը մտադիր է մինչև վերջ կատարել հաճախորդների հանդեպ պարտավորությունները և հոգ տանել աշխատակիցների մասին։ Ընկերությունը նաև կուսումնասիրի իր արխիվների և մշակվող տեխնոլոգիաների հետագա առևտրային օգտագործման հնարավորությունները։
STT-ն հիմնադրվել է 1887 թվականին և գրեթե 140 տարի նորություններ ու լուսանկարներ է մատակարարել ֆիննական լրատվամիջոցներին։ Նրա նյութերն օգտագործել են երկրի խոշորագույն թերթերը, հեռարձակող ընկերությունները և այլ խմբագրություններ։




























