Իսպանիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Ֆատիմա Բանյեսը զոհվել է Տոլեդո նահանգի Ուրդա համայնքում տեղի ունեցած երկաթուղային աղետում։ Նրա մահվան մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, հայտնել է Իսպանիայի գործարար կազմակերպությունների համադաշնությունը (CEOE), որի հիմնադրամի նախագահն էր Բանյեսը, հաղորդում է EFE-ն։
CEOE-ում խոր վիշտ են հայտնել նրա մահվան կապակցությամբ, ցավակցել աղետի հետևանքով զոհված տասնյակ մարդկանց հարազատներին, ինչպես նաև աջակցություն հայտնել տուժածներին ու նրանց մտերիմներին։
«CEOE-ն, նրա կազմում ընդգրկված բոլոր կազմակերպությունները և հիմնադրամի թիմը խորագույն վիշտ են հայտնում այդ կորստի կապակցությամբ և սիրո, աջակցության ու անկեղծ ցավակցության խոսքեր փոխանցում ոչ միայն Ֆատիմայի ընտանիքին, այլև նրա ընկերներին ու մտերիմներին»,- ասվում է համադաշնության հայտարարության մեջ։
Չորեքշաբթի՝ վթարից հետո, CEOE-ն հայտնել էր, որ Բանյեսը համարվում է անհետ կորած. նա գտնվել էր աղետի ենթարկված գնացքներից մեկում։ Որոնումների շարունակմանը զուգահեռ նրա հարազատները, Ժողովրդական կուսակցության (PP) գործընկերներն ու նրա ծննդավայր Ուելվայի գործարար համայնքի ներկայացուցիչները կորցնում էին հույսը, քանի որ նրան չէին գտնում հոսպիտալացված տուժածների թվում։ Քաղաքական գործիչներից և գործարարներից ոմանք հրապարակավ ցավակցություն էին հայտնում դեռևս նրա մահվան պաշտոնական հաստատումից առաջ։
Բանյեսը 2000 թվականից խորհրդարանի պատգամավոր էր Ուելվա նահանգից։ 2011 թվականին վարչապետ Մարիանո Ռախոյը նրան նշանակել էր աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար։ Այդ պաշտոնում նա պատասխանատու էր 2012 թվականի աշխատանքային և 2013 թվականի կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման համար։ Երկու նախաձեռնություններն էլ ֆինանսական ճգնաժամին հաջորդած ժամանակաշրջանում կառավարության տնտեսական քաղաքականության մաս էին կազմում և արժանացել են արհմիությունների լուրջ դիմադրությանը. կառավարության աշխատանքային քաղաքականության դեմ երկու համընդհանուր գործադուլ անցկացվեց։
2018 թվականին անվստահության քվեի հետևանքով Ռախոյի կառավարության հեռանալուց հետո Բանյեսն անցավ մասնավոր հատված։ Հետագայում CEOE-ի ղեկավարը նրան ներգրավեց որպես խորհրդական, իսկ 2020 թվականի հուլիսին նա գլխավորեց համադաշնության հիմնադրամը։
Նա նաև ընդգրկված էր Iberdrola էներգետիկ ընկերության միջազգային ստորաբաժանման տնօրենների խորհրդում և Laboratorios Rovi դեղագործական ընկերության անկախ տնօրեն էր։ Բացի դրանից, Բանյեսը ղեկավարում էր EYSagardoy տաղանդների և նորարարությունների ինստիտուտը և խորհրդատվություն տրամադրում Ժողովրդական կուսակցությանն առնչվող Reformismo 21 վերլուծական կենտրոնին։
Ֆատիմա Բանյեսը ծնվել է Ուելվայում՝ 1967 թվականին։ Նա իրավաբանական և տնտեսագիտական կրթություն է ստացել Մադրիդի Կոմիլյասի պապական համալսարանում, ինչպես նաև Հարվարդի համալսարանում ստացել է գործարար կառավարման մագիստրոսի (MBA) աստիճան։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա։




























