Կատարը կտրականապես հերքում է Իսրայելի խորհրդարանական ընտրություններին միջամտելու և դրանց արդյունքների վրա ազդելուն ուղղված գործունեությունը ֆինանսավորելու մեղադրանքները։ Դոհան իսրայելցի քաղաքական գործիչներին կոչ է արել երկիրը քավության նոխազ չդարձնել սեփական քաղաքական ձախողումների համար։ Դրա մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։

Ալ Անսարին շեշտել է, որ իսրայելցի քաղաքական գործիչներից ոմանք և նրանց հետ կապ ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչները ապատեղեկատվական նոր արշավ են սկսել՝ փորձելով Կատարին ներքաշել ընտրություններից հետո ծագած ներքաղաքական վեճերի մեջ։

«Նրանք Կատարին մեղադրում են Բենիամին Նեթանյահուին, իսրայելցի ձախերին, իսկ այժմ նաև արաբ ընտրողներին կաշառելու մեջ։ Եթե այդ պնդումներին հնարավոր լիներ հավատալ, ապա Կատարը, ըստ երևույթին, ամբողջ Իսրայելի տերը կլիներ»,- X սոցիալական ցանցում գրել է Կատարի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 27-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած քաղաքական ճգնաժամի ֆոնին։

Նախնական արդյունքներով՝ ո՛չ վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաշինքը, ո՛չ էլ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր դաշինքը 120-տեղանոց Քնեսեթում չեն ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ 61 մանդատը։ Արաբական կուսակցությունները, որոնք ընդհանուր առմամբ ստացել են 19 մանդատ, կարող են վճռորոշ դեր խաղալ կոալիցիա ձևավորելու շուրջ բանակցություններում։

Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նոամ Զոլբերգը «Շին Բեթ» անվտանգության ծառայությանը հանձնարարել է ստուգել ընտրություններին հնարավոր արտաքին միջամտության վերաբերյալ կասկածները։ Իսրայելական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, ըստ որոնց Կատարը կարող էր ֆինանսավորել արաբ ընտրողների մասնակցությունը բարձրացնելու արշավը։ Միաժամանակ ընտրական մարմինները քվեարկության արդյունքները կասկածի տակ դնող համակարգային խախտումների մասին չեն հայտարարել։

Ալ Անսարին ընդգծել է, որ Կատարը չի մասնակցում Իսրայելի ներքաղաքական պայքարին և մտադիր չէ թույլ տալ, որ իրեն ներքաշեն դրան առնչվող վեճերի մեջ։

Նա հայտարարել է նաև, որ մեղադրանքները չեն անդրադառնա Դոհայի միջնորդական և դիվանագիտական ջանքերի, մարդասիրական գործունեության և պաղեստինցիներին ցուցաբերվող աջակցության վրա։ ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելի նոր կառավարությանը կոչ է արել պահպանել միջազգային իրավունքը և աջակցել պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման ու 1967 թվականի սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետություն ստեղծելու իրավունքին։