News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


89–ամյա Միշա պապը մտքին դրել է իր 90–ամյակը նշել նոր կնոջ հետ։ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչն արդեն 3 անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կնոջ`  իր երեխաների մոր հետ ապրել է 46, երկրորդ կնոջ հետ՝ 8 տարի, երրորդին մի քանի ամսից «վռնդել է»։ 

Չորրորդ կնոջ ընտրության հարցին Միշա պապը զգուշությամբ է մոտենում, որ «դուրս ընկածների» ձեռքը չընկնի։ Իրենց գյուղում հարմար կին չկա, փորձել է Վանաձորի տուն–ինտերնատում կողակից գտնել, բայց այնտեղ էլ, ըստ պապի, «նորմալ կնիկ չկա»։ Միշա պապի միակ հույսը տեղական թերթին տված հայտարությունն է. «Ձմեռ ա գալիս, հարգելի քույրեր, շտապեք», եւ Երևանում գործող ամուսնական գործակալությունը։ Հայտարարությունից հետո զանգահարողներ եղել են, բայց Միշա պապի պահանջները խիստ են. պետք  է բարեխիղճ լինի, տնտեսող, մաքրասեր, գողություն չանի, տորթ թխել իմանա, իսկ ամենակարևոր չափանիշը տարիքն է։

«Զանգողներ շատ կան, բայց ջահելներ են զանգում, ինձ ջահելները ձեռնտու չեն, ինձ 65-ից բարձրն ա պետք, 70 էլ լինի՝ կլինի»,–ասում է Միշա պապը։

 Ինքը իրեն «100 տոկոսանոց»  է համարում. տունը ունի, գազը քաշել է, թոշակը բարձր է, երեխաներն էլ դեմ չեն։ Միշա պապին միայն իր միայնակ լինելն է անհանգստացնում։

 «Մենակությունն ամենավատ բանն ա, կնանիք էլի մի կերպ յոլա են գնում, բայց ես չեմ կարում` մանավանդ իրիկունը, որ մութն ընկնում ա»,–ասում է Միշա պապը։

Նրան, ով իր ուզած կինը կգտնի, Միշա պապը մաղարիչ է խոստանում` խորովածով, լավ խմիչքով։  Բոլոր միայնակներին խորհուրդ է տալիս տարիքին ուշադրություն չդարձնել, կյանքի ընկեր գտնել եւ ուրախ անցկացնել կյանքի վերջին տարիները։

Տպել
Ամենաշատ