Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի ֆուտբոլային սրահում մեկնարկել է ՀՅԴ հանրահավաքը` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 19-ամյակին։

Ինչպես հանրահավաքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հանրահավաքը վարում է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ով նշեց, որ այսօր իրենց համար կրկնակի ուրախության  առիթ է: Նախ. այսօր ԼՂՀ անկախության օրն է, երկրորդ. ուղիղ մեկ տարի առաջ այս օրը «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած հանրահավաքում ՀՅԴ-ն սկսեց հայ-թուրքական արձանագրությունների դեմ «ոչ»-ի գործընթացը: «Մեկ տարի պահանջվեց, որ հասկանանք, որ այդ արձանագրություններն, առաջին հերթին, վնաս  են ԼՂՀ անկախությանը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանն, իր հերթին նշեց, որ Արցախն ազատ, ինքնիշխան հանրապետություն է: «Մեր ընդդիմախոսները մեզ հարցնում են, թե ի՞նչ ենք հասկանում անկախություն ասելով: Մեզ համար հստակ է. ԼՂՀ-ն պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից: Մեր կողմից մեծագույն զիջում էր, որ միացման կարգախոսը փոխեցինք երկու հայկական պետությունների ստեղծմամբ: Մեզ սպառնում են պատերազմով, բայց մենք դրանից վախենալու բան չունենք: Քանի դեռ Արցախը չի ճանաչված, մեր պայքարը ավարտված չէ»,- հայտարարել ՀՅԴ բյուրոյի անդամը: