News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկած՝ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած երթի մասնակիցներն իրենց պահանջները ներկայացրին ոստիկանության շենքի մոտ , ապա երթը շարունակեցին դեպի Գլխավոր դատախազություն։

 NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ոստիկանության շենքի մոտ նրանց մոտեցավ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, որին երթի մասնակիցները ներկայացրին Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանին պատժելու ու նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակելու իրենց պահանջները` պնդելով, որ ոստիկանն է բռնություն գործադրել ակտիվիստի նկատմամբ։

Աշոտ Ահարոնյանը վստահեցրեց, որ ոստիկանությունն իր իրավասության շրջանակում անում է ամեն ինչ՝ պարզելու դեպքի հանգամանքները: Նա նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի հաղորդման հիման վրա արդեն հարուցվել է քրեական գործ, եթե նախաքննական մարմինը գտնի, որ նրա նկատմամբ իսկապես բռնություն է եղել ոստիկանի կողմից, եւ անհրաժեշտ է դադարեցնել Գեղամ Խաչատրյանի լիազորությունները, ապա այդպես էլ կանի:

Երթի մասնակիցները նշեցին, որ Հայաստանի քաղաքացին չի կարող վստահ քայլել այնպիսի ոստիկանի կողքով, ինչպիսին է Գեղամ Խաչատրյանը, այդ պատճառով էլ անհրաժեշտ է դադարեցնել նրա լիազորությունները:

Երթի մասնակիցները որոշ ժամանակ մնացին ոստիկանության շենքի դիմաց՝ վանկարկելով՝ «պատժել Գեղամ Խաչատրյանին», «ազատություն», ապա շարունակեցին երթը դեպի Գլխավոր դատախազության շենք:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ