Հայաստանի նախագահական նստավայրում, այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրվել է «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր» անվանումը կրող հուշագիրը: Այն ստորագրել են Արմեն Աշոտյանն ու Աղվան Վարդանյանը:
Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Հուշագրի ստորագրումից հետո ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները դուրս են եկել ու պատասխանել լրագրողների հարցերին:
Նշենք, որ փետրվարի 18-ին արդեն հայտնի էին դարձել դաշնակցական նախարարների եւ մարզպետների անունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաեւ Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները. մասնավորապես, Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am











