Գյումրիի «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում այսօր՝ փետրվարի 27-ին, բարեգործական համերգ է տալիս աշխարհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանը՝ ի աջակցություն Գյումրիի անօթեւանների: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ թաղամասում, որտեղ տեղի է ունենում համերգը, ապրում է  մի քանի տասնյակ գյումրեցի անօթեւան: Համերգն անցկացվում է Գեւորգյանների տնակի  բակում, որոնք արդեն 27 տարի է բնակվում են այդ տնակում: 73-ամյա Գեղեցիկ Գեւորգյանն այստեղ է ապրում իր 3 անչափահաս թոռների հետ, նրա տղան մահացել է 6 տարի առաջ:

NEWS.am-ի հետ զրույցում Գեղեցիկն ասաց, որ արդեն 27 տարի է երազում է մեծ ու լուսավոր բնակարան ունենալու մասին, նա ուզում է, որ իր 3 թոռներն ապրեն այնպիսի բնակարանում, ինչպիսին է եղել իրենց բնակարանը երկրաշարժից առաջ. «Այստեղ տարիներ շարունակ է անմարդկային պայմաններում ենք ապրում: Այժմ երազանքս թոռներիս համար բնակարան ունենալն է»:

Հիշեցնենք, որ  SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը գյումրեցի անօթևանների համար 13 բնակարան ձեռք բերելու համար սկսել է բարեգործական միջոցառումների համալիր ծրագիր, որի իրագործման համար անհրաժեշտ է հավաքել 120 հազար ֆունտ: Նրանց օգնելու համար դրամահավաք է սկսել միջազգային http://www.crowdfunder.co.uk/ կայքում, որին բացի հայերից կարող են մասնակցել նաեւ եվրոպացիները:

Նշենք, որ անօթեւաններին օգնելու համար կազմակերպված դրամահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ է մտնել հղումով, սեղմել Pledge պատուհանը, ընտրել նախընտրած գումարը եւ կատարել գումարի փոխանցում: