Աղթամարի Սուրբ Խաչի պատարագից մեծ գումարներ աշխատելու հույսեր ունեցող Վանի գործարարները զգալի կորուստներ են ունեցել`  եկեղեցու խաչը չտեղադրելու որոշման հետեւանքով:

Վանում մի շարք գործարարներ NEWS.am-թղթակցի հետ զրույցում նշել են, թե հիասթափված են Սուրբ Խաչի շուրջ վերջին զարգացումներով, մասնավորապես` խաչը մինչեւ պատարագ չտեղադրելու իշխանությունների որոշմամբ, քանի որ իրենք բավական ծախսեր են իրականացրել` մեծ թվով հայերի ընդունելու եւ ըստ արժանվույն պատվելու համար:

Վանի հյուրանոցային նախօրոք ամրագրումների վերաբերյալ, Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն նշել է, թե մինչ խաչը չտեղադրելու որոշումը` Վան այցելու ցանկություն հայտնած անձանց 90 տոկոսը հրաժարվել է նախօրոք կատարած ամրագրումներից` խաչը չտեղադրելու մասին լուրը իմանալուց հետո:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կայանալու է պատարագ: Թուրքական իշխանությունները վերակառուցումից հետո թույլ են տվել տարին մեկ անգամ պատարագ մատուցել Սուրբ Խաչում, սակայն վերջին պահին հրաժարվել են խաչը տեղադրել եկեղեցու վրա: