Մենք բավարարված ենք ՆԱՏՕ-Հայաստան զարգացումներով: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ, հեռանկարներ, մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆեն Էլգերսմանը:
«Մենք ունենք համագործակցության քսան տարվա պատմություն: Սա երկար, ավանդական հարաբերությունների վկայությունն է: Հայաստանը պարտավորություններ է վերցրել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խաղաղապահ միջոցառումներին Աֆղանստանում և այլն: Հաշվի առնելով ՀՀ անվտանգության մարտահրավերները, իսկապես, Հայաստանի մասնակցությունը տպավորիչ է»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին հասել է բարձրագույն մակարդակի:
Անդրադառնալով տարածաշրջանում Ռուսաստանի դերին, նա նշել է, որ Արևելյան Եվրոպայում ՌԴ-ն ապակայունացնող դեր է խաղում: «Մեզ անհանգստացնում է նաեւ հարգանքի, սուվերենության նկատմամբ բացակայությունը հարևան երկրների նկատմամբ: Մենք կարծում ենք, որ սա կարող է տանել դեպի սառը պատերազմի: Սա մի հարց է, որը մեզ համար դժվարություններ է առաջացնում: ՌԴ պաշտպանության բյուջեն բարձրանում է, բաց մենք այս ամենով հանդերձ շարունակում ենք ՌԴ հետ մեր հարաբերությունները: Չգիտենք՝ ինչպես պատասխանել սրան, բայց աշխատում ենք այս ուղղությամբ»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, Շտեֆեն Էլգերսմանը նշել է, որ այստեղ ՆԱՏՕ-ն երկու սկզբունք է կիրառում, առաջին հարգանքն է, երկրորդը՝ կողմերի ցանկությունները հաշվի առնելը: «ՆԱՏՕ-ն հարգում է ՀՀ ընտրությունը, Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի ընտրությունը: Նույնն էլ ՌԴ-ի նկատմամբ է: Երկրորդը՝ հաշվի ենք առնում ցանկությունները, անհատական ցանկությունները: Հայաստանին անհրաժեշտ է լինել պրոակտիվ»,- ընդգծել է նա: