Հայաստանում տղամարդկանց եւ կանանց աշխատավարձերն էականորեն տարբերվում են միմյանցից: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած՝ «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն» նոր հետազոտության տվյալները:
«Կանայք, որպես կանոն, ներգրավված են այն ոլորտներում, որտեղ աշխատավարձը Հանրապետությունում գրանցված միջին աշխատավարձից էլ ցածր է: Կանայք հատկապես աշխատում են գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի ոլորտներում»,- ասաց Նվարդ Մանասյանը:
Փորձագետի խոսքով, ըստ կատարված ուսումնասիրությամբ, կանայք ներգրավված չեն ՏՀՏ, ֆինանսական ոլորտներում, որտեղ աշխատավարձերը բավականին բարձր են: Ավելին, պետական սեկտորում աշխատողների 60 տոկոսից ավելին կանայք են, այն էլ զբաղեցնում են ստորին օղակները:
«Որոշումներ կայացնող պաշտոններում՝ բաժնի, վարչության պետեր, կանայք շատ քիչ տոկոս են զբաղեցնում»,- ասաց նա:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանն էլ նշեց, որ կանանց աշխատանքի սահմանափակման հետեւանքով Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան կորցնում է 50-60 մլն ԱՄՆ դոլար:





























