Երեւանի «Շտապօգնության» բժիշկ Վահրամ Անդրեասյանը, որը համացանցում տարածված տեսանյութում կոպտում է օգնության կարիք ունեցող տարեց մարդուն, անարդար է համարում իր նկատմամբ հասարակության քննադատական վերաբերմունքը: Բժիշկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսանկարահանվել է 15 րոպե տեւած խոսակցության միայն վերջին հատվածը եւ սխալ մատուցվել:

«Գնում եմ իր մոտ սկզբում, տեսնում եմ՝ պառկած, հարցնում եմ՝ հայրիկ, ի՞նչ ա եղել, թեքվում, ասում ա՝ ա, դու եկար, էս ո՞վ ա քեզ կանչել: Նայում, ասում եմ՝ հայրիկ, ի՞նչ ա եղել, ի՞նչ գանգատ չունես, ասում ա՝ ա, ես գանգատ չունեմ, թողեք՝ քնեմ: Ասում եմ՝  գոնե ճնշումդ չափեմ: Ու էդ ամեն ինչը ոչ մի բան, վերջում, որ ես արդեն բարկացած ասում եմ՝ հո դու խայտառա՞կ չես ու մի ստից բառի համար՝ ջհանդամիս գաս, դառնում է մեծ պատմություն: Էդ որ դեպուտատները քֆուրով խոսում են, էդ նորմալ ա, բայց իմ ջհանդամիսը նորմալ չի, աշխատանքը կորցնում եմ»,- ասաց բժիշկը, որի՝ աշխատանքից հեռացման հարցն արդեն քննարկման փուլում է:

Վահրամ Անդրեասյանը նշեց, որ ինքը շոկի մեջ է, նաեւ վիրավորված է ու վստահ, որ եթե մարդիկ տեսնեին դեպքի ամբողջ տեսանյութը, այլ կարծիք կունենային:

20 տարվա բժիշկը որոշել է հեռանալ Հայաստանից: 

«Շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Միշտ մտածում էի, որ գնամ: Նախկինում վերապատրաստվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, կգնամ կաշխատեմ էնտեղ»,- ասաց բժիշկը՝ նշելով, որ նման դեպք առաջին անգամ է իր պրակտիկայում պատահում:

Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութում երեւում է, որ Երեւանի Սիրահարների այգում «Շտապօգնության» բժիշկը վատառողջ քաղաքացու հետ կոպիտ ու անհարգալից է խոսում:

«Արի գոնե նստի: Հազար մարդ կա ստեղ, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հմի հիվանդանոց: Հավեսդ չունեմ»,- ասում է բժիշկը այգում՝ նստարանի մոտ գետնին պառկած տարեց մարդուն ու հեռանում:

Բժշկի հեռանալուց հետո, տարեց մարդը այդտեղ հավաքված քաղաքացիներին ասում է, որ ինքը չի ցանկանում ոչինչ անել՝ ոչ նստել, ոչ հիվանդանոց գնալ: Նա նաեւ ստորագրում է բժշկական թերթիկի վրա, որ հրաժարվում է գնալ հիվանդանոց:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին: