Ինչու են պատկան մարմինները ապօրինի ծառահատումների մեջ մեղադրում գյուղացիներին, ինչու են այդ մարմիններն անգործության մատնված այն դեպքում, երբ Հայաստանում ամեն օր ապօրինի հատումներ են իրականացվում: Այսօր` մարտի 21-ին, ասուլիսի ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանին հարց ուղղեց հայկական բնապահպանական ճակատի անդամ Անի Խաչատրյանը` նշելով, որ բացառվում է, որ գյուղացիները մեծածավալ, հաստաբուն ծառերի հատումներ իրականացնեն:

«Մենք ուսումնասիրել ենք Ստեփանավանի, Եղեգնուտի, Սյունիքի եւ այլ տարածքների անտառները: Տեսել ենք` հաստաբուն` 90սմ-ոց բուն ունեցող հաճարենիները` կտրած, 1/3-ը` վերցված, մնացածը` թողած: Ասում եք` գյուղացիներն են հատումներ անում: Գյուղացին ինչքան հիմար պետք է լինի, որ գետնին ընկած վառելափայտը վերցնելու փոխարեն լրացուցիչ ռեսուսրներ ծախսի, հսկայական ծառեր տապալի, մեքենաներ բերի, որ դրանք տանի ու վառի»,- նշեց Անի Խաչատրյանը:

Նրա խոսքով`եթե անգամ ենթադրենք, որ գյուղացիներն են անտառներում ապօրինի հատումներ իրականացնում, ինչպես Մարտուն Մաթեւոսյանն է վստահեցնում, ապա ինչու պատկան մարմինները չեն վերահսկում եւ կանխում դրանք:

«Դարձյալ խնդիրը պատկան մարմիններինն  է, ինչո՞ւ չեն վերահսկում այդ աշխատանքները»,- ասաց Անի Խաչատրյանը:

Մարտուն Մաթեւոսյանը նշեց, որ ապօրինի հատումները չեն բացահայտվում եւ կանխվում անտառապահների կողմից երկու պատճառով, նախ` անտառապահի կողմից հսկվող տարածքներն են մեծ` 700-1000 հա, երկրորդը` տեխնիկական միջոցներն են սուղ:

 «Գոյություն ունի նաեւ գիշեր, շաբաթ-կիրակի... »,- ասաց Մարտուն Մաթեւոսյանը:

«Իսկ ինչի՞ց է, որ երբ բնապահպաններն են գնում ուսումնասիրելու, անտառապահը որ ժամին էլ լինի, հայտնվում է ու մեզ արգելում հետազոտելու... »,- հակադարձեց Անի Խաչատրյանը:

Մարտուն Մաթեւոսյանի պատասխանը չուշացավ:

«Սա անտառ չի, մի գոռացեք »,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, անտառամերձ գյուղերում վերջին շրջանում բնակիչների կողմից իրականացվող ապօրինի ծառահատումներն ավելացել են: Այս մասին այսօր` մարտի 21-ին, ասուլիսի ժամանակ նշել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: