Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է՝ Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում այսօր՝ մարտի 22-ին, վաղ առավոտյան պայթյունների հետեւանքով զոհերի եւ վիրավորների մեջ հայեր կան, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը:
«Ինչպես արդեն տեղյակ եք, Բելգիայում հայտարարված է արտակարգ իրավիճակի բարձրագույն աստիճան, դադարեցվել է օդանավակայանի, մետրոյի եւ հանրային այլ տրանսպորտի գործունեությունը: Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների անձնակազմն ու այստեղ գտնվող ԱԺ պատվիրակության անդամներն ապահով են եւ շարունակում են իրենց գործունեությունը»,- ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 22-ին վաղ առավոտյան 4 պայթյուն էր որոտացել Բրյուսելում. ժամը 08,00-ի սահմաններում երկու պայթյուն որոտացել էր օդանավակայանում, իսկ ավելի ուշ՝ մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Վերջին տվյալներով պայթյուններից զոհվել է 34 մարդ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն ստանձնել է Բրյուսելի ահաբեկչությունների պատասխանատվությունը։




























