News
Տեսնել լրահոսը

Վանաձորցի պարուսույց Անահիտ Սարիբեկյանը Թուրքիայի Սակարիայի համալսարանում հայկական պարի դաս անցկացնելու հրավեր ստացել է 2013թ.-ին, սակայն միայն երկու տարի անց է որոշել թուրքերի համար վարպետության դաս կազմակերպել:

«Համաժողովներից մեկի ժամանակ Քոչարիի վարպետության դաս էի տալիս, երբ Թուրքիայի Սակարիա քաղաքի համալսարանի պարավեստի ամբիոնի մասնագետներն ինձ հրավիրեցին՝ հայկական պարի վարպետության դաս անցկացնելու: Ճիշտն ասած, չէի կարողանում այդ քայլին գնալ: 2015թ.-ին Մոսկվայից Հռոմ մեկնելիս չվերթս Ստամբուլով էր: Հենց Ստամբուլի օդանավակայանում էլ որոշում կայացրի Ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրքական համալսարանում հայկական պար բեմադրել»,- ասում է Անահիտ Սարիբեկյանը, որն արդեն 3 տարի է՝ աշխատում է Աթենքում:

2015թ. ապրիլի 24-ին Անահիտը Ստամբուլում էր. հայկական համայնքի հետ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելուց հետո մեկնում է Սակարիա. «Պատմության մեջ չի եղել մի դեպք, որ թուրքը հային հրավիրի եւ հայկական պարի: Սակարիայում ինձ շատ լավ ընդունեցին, շատ բարեհամբույր: Ինքս շատ հուզված էի, համարյա լալիս էի: Բնության գեղեցկությունը տեսնելուց հետո հասկացա, թե ինչու այսքան շատ կարոտի երգեր ունենք՝ դեպի Մուշ եւ Սասուն կանչող: Մինչեւ հիմա փշաքաղվում եմ, երբ հիշում եմ: Հող, որը մերն է եղել, հող, որտեղից մեզ բնաջնջելով, նսեմացնելով քշել են.. ինձ էլ հրավիրել են, որ հիշեցնեմ, թե ովքեր են եղել այդ հողի տերերը»:

31-ամյա պարուսույցն ու պարագետը համոզված է, որ պարի լեզուն ուրիշ է, այս լեզվով խոսողներն ուրիշ աշխարհայացք ունեն: Անահիտը կարծում է, որ պարային բեմադրությունների միջոցով կարելի է աշխարհին ցույց տալ, թե ինչպես են պետությունների ղեկավարները դժբախտացնում ժողովրդին:

«Եվրոպան փակել է դռները, ինչպես 101 տարի առաջ: Այն ինչ կատարվում է սիրիացիների հետ, ոչ ոք չի նկատում: Աշխարհը կուրացել է եւ ընդհանրապես լսել չի ուզում ուրիշ ազգերի խնդիրների մասին»,- նշում է Անահիտը:

«Բեղմնավորման օրվանից» պարող Անահիտի համար պարն ամենաառաջին լեզուն է. վստահ է՝ նույնիսկ լեզու չիմացողը ժեստի օգնությամբ կարող է բացատրել դիմացինին ամեն բան: Պարը, հայուհու խոսքով, ավելի մոտ է Աստծուն. «Պարը մի աշխարհ է, որն օգնում է Աստծո հետ անմիջական կապի մեջ մտնել եւ բնությանը համահունչ ապրել: Պարը միայն արհեստականորեն ձեռքն ու ոտքը շարժելը չէ: Բոլորս ենք պարում: Օրինակ, առավոտյան արթնանում ենք ու մեր մարմինը ձգում ենք, արդեն իսկ պար է»:

Պարուսույց, պարագետ, բեմադրիչ, երգչուհի Անահիտ Սարիբեկյանը ծնվել է Վանաձորում, արվեստագետների ընտանիքում: Մինչեւ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվելը հայրն աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, «Հորովել» երգի-պարի պետական անսամբլում: Մայրը նույն համույթի պարուհիներից է եղել:

17 տարեկանում Անահիտ Սարիբեկյանն ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ, որտեղ հիմնել է «Նաիրի» ազգային պարերի համույթը: 2013թ.-ին Անահիտն աշխատանքային առաջարկ է ստացել Աթենքի «Դորա Ստրատու» ազգային պարային թատրոնից եւ տեղափոխվել այնտեղ:

Անահիտը նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի համաշխարհային խորհրդի (CID)  անդամ է, ինչպես նաեւ CID-ի վանաձորյան մասնաճյուղի նախագահն է: Աբստրակտ մոնումենտալ պարային ոճի հեղինակն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news