Երեւանի կենտրոնում 2014թ. դեկտեմբերի 26–ին թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
Այսօր՝ ապրիլի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 1 տարվա ժամկետ:
Նշենք, որ մեղադրողը Արամ Գրիգորյանի համար պահանջել էր 2.5 տարի ազատազրկում: Տուժող կողմը խնդրել էր պատժիը պայմանականորեն չկիրառել, իսկ ամբաստանյալի պաշտպանը՝ արդարացման դատավճիռ կայացնել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Գրիգորյանը «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում: Չհասած Մաշտոց եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն, այն է` իր ընթացքի ուղղությամբ, առջեւում` երթեւեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթեւեկության անվտանգությունն ապահովելու եւ վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչեւ Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է եւ ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջեւի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս եւ անզգուշությամբ պատճառել մահ:
Արամ Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ տվյալ տարածքում նախատեսված թույլատրելի արագությունը չի գերազանցել, եւ չի պատկերացրել, որ այդ տարածքում մինչ-որ մեկը կարող էր լինել։ Նրա խոսքով կինը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, եւ պառկած է եղել փողոցի բանուկ հատվածում։





























