Չնայած բազմաթիվ միջազգային կառույցների կոչերին, հակառակորդը ամբողջ գիշեր շարունակել է ահաբեկչությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Սահմանին իրավիճակը մնում է լարված, մենք շարունակում ենք պաշտպանել սահմանները: Հակառակորդը ամբողջ գիշեր ու առավոտյան շարունակել է խախտել զինադադարի ռեժիմը, նույնիսկ այն դեպքում, երբ որ ողջ աշխարհով մեկ հայտարարվում էր կրակը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Որեւէ ձեւով չի դադարել ահաբեկչությունը, ինչը այդ հայտարարությունների, միջազգային հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»,-նշեց Բաբայանը։
Նա ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ նույնիսկ ադրբեջանական կողմն է հրապարակավ խոստովանում, որ իրենք են խախտել հրադադարի ռեժիմը, նախահարձակ եղել, սակայն նույնիսկ այդ դեպքում միջազգային հանրության կոչերը հասցեական չեն:
«Մենք բազմիցս նշել ենք, որ գնահատականները պետք է լինեն հասցեական։ Եթե զինադադարի ռեժիմը ինչ-որ մի կողմ խախտել է, նա պետք է պատասխանատվություն կրի, եւ պետք է այստեղ օբյեկտիվ մոտեցում լինի: Կողմերից մեկը հայտարարում է, որ ինքն է, իսկ արձագանքը երկուսին է վերաբերում»,-ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի` հնարավոր է, որ հրապարակավ միջազգային կառույցները հավասարակշռություն են ցուցաբերում, սակայն ոչ հրապարակային խողովակներով հակառակորդին գործողությունների նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում են հայտնում:
«Պետք է աշխատենք միջազգային հանրության հետ, որպեսզի ավելի հասցեական լինի նրանց կոչերը: Կա նաեւ մի այլ հանգամանք, կարծում ենք, որ եթե հրապարակային տարբերակում ընտրել են հավասարակշռված մոտեցում, միգուցե ոչ հրապարակային խողովակներով բազմաթիվ երկրներ Ադրբեջանին կոշտ ձեւով ցույց են տալիս, որ նման պահվածքն անընդունելի է: Ամեն դեպքում, դա ցույց կտա ժամանակը: Մենք համոզված ենք, որ պետք է լինեն հրապարակային հասցեական կոշտ գնահատականներ»,-կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։
Դավիթ Բաբայանը նշեց, որ զոհերի ինքնությունը դեռ ճշտվում է, այդ իսկ պատճառով նրանց անունները դեռ չեն հայտնում: Նոր զոհերի մասին տեղեկություն չկա:
Նշենք, որ երեկվա դրությամբ հայկական կողմն ունի 18 զոհ, 35 վիրավոր:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների՝ օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա ու օդուժ։ 1994 թվականի հրադադարից հետո սա աննախադեպ սադրանք է Ադրբեջանի կողմից։ Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 կայանքից հրթիռակոծվել է դպրոց, որի հետեւանքով մահացել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են:
Այս պահի դրությամբ, մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ՝ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 1 ուղղաթիռ: Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ: Այս ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ:




























