Հայաստանը պետք է արձագանքի ստահակ, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի խայտառակ հայտարարությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Ազգային ժողովում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ նախագահի՝ բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող հայտարարությանը:
«Այլեւս ակնհայտ է միջազգային հանրության համար, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը դարձել է ռազմական հանցագործ Ալիեւի համախոհը: Կցանկանամ, որ արձագանքենք նրա խայտառակ հայտարարությանը: Ագրամունտը սատար է կանգնել Ադրբեջանին՝ իր անմիջական աջակցությունը հայտնելով ընդամենը մեկ օր Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Թալիշում խաղաղ բնակչության սպանդին: Ստահակ Պեդրո Ագրամունտի հայտարարությանը պետք է արձագանքել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ ինքը նախօրեին երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ եւ տեղեկացրել Ադրբեջանի ագրեսիվ, ահաբեկչական քաղաքականության մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։











