Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողներին:

Սերժ Սարգսյանը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։