Երեւանից մեկնեցինք զոհված զինվորի տուն, այս անգամ՝ Զոլաքար: Գյուղը Մարտունի քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է՝ սարի լանջին:

Երեւանից մինչեւ Զոլաքար 134 կմ է, ու միջին հաշվարկով պետք է 2 ժամում հասնեինք, բայց հասանք 3 ժամում: Ինչո՞ւ: Որովհետեւ Երանոս գյուղից սկսած ճանապարհն անխնամ էր ու քանդած: Ճանապարհը գրադից չէր քանդվել, այլ պարզապես չէին նորոգել, փոսալցում չէին արել: Հասկանալի է, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը սկսելու է արդարացման օդաներ ու էլեգիաներ գրել, ու նշել, որ մեծարգո տիար ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարը միշտ հետեւում է ճանապարհներին, անձամբ է այցելում եւ այլն: Բայց այսօր փաստն այն է, որ պատերազմող պետության ռազմավարական նշանակության՝ թիկունքի ճանապարհը քանդած է:

Քանդած ճանապարհով հասանք Զոլաքար: Գյուղի գլխավոր ճանապարհին սեւ ժապավենի վրա գրված էր «Դավիթ 19», «Գագիկ 33»: Գյուղն ունի երկու զոհ, երկու հերոս:

Դավիթենց տանը շատ մարդ կար: Հայրը, մայրը, եղբայրներն ու քույրը, քեռին, բոլոր ազգականները: Մեզ հետ խոսեց հայրը՝ Ռազմիկ Հայրապետյանը.

«Դավիթը իր անվանն արժանի զավակ էր: Ասում էր՝ իմ երկու ավագ եղբայրները Ղարաբաղ են ծառայել, ես էլ պետք է ծառայեմ Ղարաբաղում: Դեկտեմբերին հիվանդացել էր, եկել, բայց եկած օրվանից ասում էր՝ պետք է գնամ, շուտ գնամ հետ: Դեկտեմբերի 22-ին հենց գնաց, ամսի 24-ին տարան Մատաղիս: Զանգեցինք, ասեց՝ պապա, հոյակապ ծառայություն է: Լավ էր, գոհ էր ծառայությունից: Մարտի 30-ին զանգեց, ասեց՝ մենք գնում ենք զինավարժության: Դրանից հետո էլ զանգ չեղավ: Եկավ ապրիլի 2-ը, դե կարդացինք, որ Ղարաբաղ պատերազմ է, ու հիմնականը հենց Մատաղիս:

Դավիթը փոքրուց նպատակասլաց էր, ու մի քիչ էլ ինքամփոփ: Դպրոցում էլ, գյուղում էլ շատ էին սիրում իրա համեստության  համար: Բայց համեստության հետ մեկտեղ ուժեղ էր, սպորտով էր սիրում պարապել: Օգնող, հասնող երեխա էր: Միջնեկ որդիս՝ Արայիկը, բանակում ծանրամարտի մրցաշարում առաջին տեղն էր գրավել, Դավիթը սկսեց ծանրամարտով ինքն իր համար պարապել, ասում էր՝ պապա, պետք է պարապեմ, Արայիկին էլ անցնեմ: Բոլորն էլ սիրում էին, ինչ ասեմ...

Ծառայեց հանուն հայրենիքի, իր ազգի պատիվը բարձր պահեց:

Իմ որդին զոհվեց, բայց ես էս պահին պատրաստ եմ իմ երկու որդիների հետ գնամ կռվի ու շարունակել փոքր որդուս գործը: Դավիթը հայրենիքն է պաշտպանել, մեզ է պաշտպանել, հիմա էդքանից հետո ի՞նչ պիտի անես, չպե՞տք է գնաս շարունակես էդ մարդու գործը: Զենք ունես, տո՛ւր, գնամ կռվի...»:

Դավիթի նկարը սպիտակ շրջանակի մեջ էր, ի նշան նրա կենդանության...

Տան բակում հավաքվածները ծխում էին ու քննարկում իրավիճակը, ու վերջում բյուրեղացրին այն ձեւակերպումը, որ մեր շատ վերլուծաբաններ ու փորձագետներ էջերի մեջ չեն կարողանում տեղավորել:

Պատերա՛զմ է, ու դա պիտի բոլորը վաղուց հասկանային: Բաքուն արդեն քանի տարի առաջ ասեց, ես ձեր հետ բանակցելու թեմա չունեմ: Էդ ի՞նչ է նշանակում: Եթե բանակցելու թեմա չունի, բայց հող է ուզում, ուրեմն պատերազմ է անում: Ինչի՞ էդ պարզ բանը հասկացող չկա...

Էս ճանապարհը մինչեւ Մարտունի դեռ փառք է, Վարդենիսից էն կողմ հաշվեք ճանապարհ չկա: Լրիվ քանդած, ավիրած: Չգիտենք՝ մտածող կա՞, որ էդ ռազմավարական ճանապարհ է: Մենք մեր պետության անկախության օրից մինչեւ էսօր պատերազմի մեջ ենք, ու էդ ճանապարհը, որ կյանքի նշանակություն ունի, քանդած է, էս էլ արդեն քանի՜ տարի...

Էսօր մեր զինվորն է մեր հողը պահողը, բայց իրանք էլ մեր զինվորի պահողն են: Ինչով են պահում՝ ժամկետն անցած պեչենիո՞վ...

Զինվորին զենք պետք է տան, որ հողը պահի, թե չէ մենակ խոսում են՝ մեր հայրենասեր զինվորները, էլ եսիմ ինչ... Տո մեկը չի ասում, տղա ջան, դու որ չասես էլ, մենք քեզնից լավ գիտենք, մեր զինվորը հայրենասեր է, որովհետեւ մեր պաշտպանության համար կյանքն է տալիս, բայց դու էլ զենք պետք է տաս, որ զինվորը լավ պաշտպանի սահմանը, ոչ թե սիրուն ճառեր ասես...

Ով է ասում՝ երկիրն աղքատ է, երկիրն աղքատ չի, թալանողներն են շատ: Տարեկան քանի հատ դղյակ են կառուցում, էդ ո՞ր փողով են կառուցում...

Նույն ճանապարհով հետ էինք գալիս: Գնալիս մի քանի տեղ ասֆալտի փոսալցում անող մեքենաներ էինք հանդիպել, որ ավելի շուտ ասֆալտ էին «ցանում», այլ ոչ թե իրական փոսալցում կատարում: Իբր գործ էին արել, գալիս մթնշաղի հետ արդեն չկային: Մեր պատկերացմամբ, պատերազմող պետությունում մարդիկ պետք է օրնիբուն աշխատեն, որ հաղթանակ վաստակեն: Բայց էլի հակառակ օրինակը տեսանք:

Արդեն գիշեր էր, որ մոտեցանք Երեւանին ու մայրաքաղաքի հարակից ճոխ լուսավորությամբ շքեղ կազինոներին: Այցելուների մեքենաների թիվն ավելին էր, քան կազինոյի կայանատեղիում նախատեսված տարածքը: Մեքենաները կայանել էին հարակից հատվածում՝ Երեւան- Սեւան ճանապարհին: Դա պատերազմի 13-րդ օրվա ավարտն էր: