ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին կիսում է անկախության վերականգնման 35-ամյակի բերկրանքը և բարձր գնահատում ավելի խաղաղ, բարգավաճ ու ժողովրդավար ապագա կերտելու ճանապարհին ձեր երկրի արձանագրած առաջընթացը։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի ձեռնարկած պատմական քայլերը ցույց են տալիս, թե ինչպիսի արդյունքների է հնարավոր հասնել, երբ ջանքերը միավորվում են հանուն խաղաղության և ընդհանուր բարօրության։ Մենք լիահույս ենք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության հետագա իրագործման, տնտեսական կապերի ամրապնդման, ամերիկյան ներդրումների ներգրավման, ինչպես նաև Հայաստանի ու ողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների ստեղծման հարցում», - նշել է պետքարտուղարը։
Ռուբիոն նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերությունն ավելի կխորանա։





























