News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ո՞վ է ընդհանրապես գնում Հայաստան՝ ուսանելու: Մի՞թե դա այն երկիրն է, ուր կարելի է գնալ սովորելու: Ընդամենը երկու տարի առաջ այս հարցերը շատերն էին տալիս: Այսօր, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց UWCDilijan քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, շատերը հասկացան, որ այո՛, Հայաստանն այն երկիրն է, ուր կարելի է մեկնել սովորելու (ֆոտոռեպորտաժ):

Երկու տարի առաջ UWCDilijan ընդունված 48 երկրից 95 աշակերտները քոլեջի առաջին շրջանավարտներն են. նրանց մեծ մասն արդեն ընդունվել է աշխարհի լավագույն համալսարանները՝ բոլոր թերահավատներին ցույց տալով, որ Հայաստանում առնվազն մեկ դպրոց կարող է ամբողջ աշխարհում պահանջարկ ունեցող գիտելիքներ տալ:

Այսօր նրանց ծնողները Հայաստան են եկել, որպեսզի հանդիպեն երկու տարի բացակայած իրենց երեխաներին, տեսնեն դպրոցը, որտեղ այդ երկու տարիներին նրանք ապրել են: Շրջանավարտները հաճույքով ծնողներին եւ մյուս հյուրերին ներկայացրեցին սովորաբար կողմնակի անձանց համար փակ դասասենյակները, գրադարանն ու մյուս տարածքները՝ ընթացքում բացատրելով. «Այստեղ մենք քիմիա էինք սովորում: Դասասենյակի ծորակն է, մենք դասի ժամանակ եւ դրանից հետո ձեռքերն էինք լվանում: Իսկ այս սենյակում մենք մանրէներ էինք բազմացնում»:

Ընդարձակ, լուսավոր դասասենյակներ, հսկայական սենյակ գեղարվեստի համար, գրադարան, որում կարելի է բազմաթիվ գեղարվեստական եւ մասնագիտական գրքեր գտնել մի քանի լեզուներով. ամեն ինչ տրամադրում է սովորելուն, գիտություն եւ արվեստ ուսումնասիրելուն: Շրջանավարտների համար, իրենց իսկ խոսքով, դժվար է բաժանվել այս ամենից, ինչպես նաեւ միմյանցից: Նրանք տվյալներ են փոխանակել՝ համացանցով շփվելու համար, եւ հիմա հույս ունեն, որ մի օր, թեկուզ բազմաթիվ տարիներ անց, կկարողանան վերադառնալ Հայաստան, գոնե նախկին համադասարանցիների հետ հանդիպելու:

Վերոնիկա Զոնաբենդը խոստովանում է. այնքան էլ դյուրին չէր այնպիսի դպրոց ստեղծել, ինչպիսին այն կա: Դեռեւս 2006 թվականին այսպիսի դպրոցն իր եւ ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի երազներում էր միայն: Իսկ շատերն այդպիսի միջազգային դպրոցի ստեղծման գաղափարին թերահավատորեն էին վերաբերվում:

«Ամենադժվարն այս նախագծի շուրջ համընդհանուր անվստահությունը հաղթահարելն էր, քանի որ մոդելը բավական արտասովոր եւ անհասկանալի է շատերի համար: Հայ կազմակերպիչները չէին հասկանում, թե ինչու պետք է օտարերկրացիները գան Հայաստան՝ ուսանելու եւ ինչու է պետք ոչ հայերի համար այդքան գումար ծախսել: Մյուսներն էլ չէին հասկանում, թե ընդհանրապես ո՞վ կգա Հայաստանում սովորելու: Մենք կարողացանք հաղթահարել այդ թերահավատությունը եւ ցույց տալ, որ Հայաստանը երկիր է, ուր արժե գալ սովորելու»,- ասաց նա:

Նրա խոսքով, դպրոցի կայացման գործում մեծ դեր ունեցավ կրթօջախի տնօրենը՝ Ջոն Ֆադերֆութը, որը երեք տարի առաջ չվախեցավ անծանոթ երկիր գալ, դպրոց, որի շինարարությունն այն ժամանակ նույնիսկ ավարտված չէր: Ի նշան երախտագիտության դպրոցի զարգացման գործում ներդրման համար, հանդիսավոր արարողության ժամանակ ամուսինները տնօրենին 18-րդ դարում հրատարակված հնագույն Ավետարան նվիրեցին:

«Դպրոցն իմ առջեւ շատ դռներ բացեց»

«Այս դպրոցն իմ առջեւ բազմաթիվ դռներ բացեց: Դռներ, որոնք դժվար թե կարողանայի բացել՝ Երեւանում սովորական դպրոցում սովորելով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանից Անին:

Երկու տարի առաջ Անին առաջիններից էր, որ ընդունվեց այս դպրոց, եւ հիմա էլ առաջին շրջանավարտներից է: Ասում է՝ ընդունվելն այնքան էլ դժվար չէր, իսկ ահա սովորելը լուրջ փորձություն էր:

Անին ընդունվել է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր համալսարաններից մեկը, որտեղ էլ անցկացնելու է իր կյանքի հաջորդ երեք տարիները: Բայց ավարտելուց հետո մտադիր է Հայաստան վերադառնալ եւ իր ներդրումն ունենալ կրթության զարգացման գործում:

Ռուսաստանից Ելենան այս քոլեջում հայտնվել է՝ շատ արագ որոշում կայացնելով: Ռուսաստանում ավարտելով դպրոցը՝ նա պատահաբար լսել է UWCDilijan-ի մասին, հետաքրքրվել, թե այն ինչ դիպլոմ է առաջարկում եւ ինչ հնարավորություններ կարող է ստեղծել:

«Հասկացա, որ այն ինչ-որ նոր բան է, տարբերվում է այն ամենից, ինչ ես կարող էի ստանալ Ռուսաստանում: Ամբողջ աշխարհից տարբեր ուսանողների հետ կրթություն ստանալու փորձը գրավեց ինձ, եւ չեմ ափսոսում, որ եկա»,- ասաց Ելենան:

Իտալիայից Ֆիլիպը՝ նույնպես քոլեջի առաջին 95 շրջանավարտների, NEWS.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ UWCDilijan-ն իրեն ոչ միայն գիտելիքներ, այլեւ տարբեր ժողովուրդների եւ մշակույթների մասին պատկերացում տվեց: Երկու տարի շարունակ նա անցկացրել է այլ երկրներից մարդկանց հետ եւ շատ նոր բան սովորել:

Հետաքրքիր է, որ քոլեջում սովորողներից միայն 10%-ն են հայեր, եւս 8%-ը՝ ռուսներ, իսկ մյուսները աշխարհի ավելի քան չորս տասնյակ երկրներից:

«Ոչ միշտ է պետք անել այն, ինչ քեզ ասում են»

Տոնական միջոցառման ժամանակ որեւէ կարծրատիպային արտահայտություն չհնչեց: Սովորական դարձած նախադասությունների փոխարեն դպրոցի տնօրենը շրջանավարտներին եւ աշակերտներին ասաց, որ ոչ միշտ է պետք անել այն, ինչ քեզ ասում են, եւ շատ կարեւոր է իմանալ, թե երբ է պետք հոսանքի ուղղությամբ ընթանալ, իսկ երբ՝ միայնակ բոլորի դեմ դուրս գալ:

«Ցեղասպանությունները լինում են, քանի որ մարդիկ անում են այն, ինչ իրենց ասում են: Զինվորները, որոնց հրամայում էին մարդկանց մահվան քշել, անում էին դա: Երբ նրանց ասում էին, որ հարկավոր է հրեաներին համակենտրոնացման ճամբարներում հավաքել, նրանք արեցին դա: Ոչ միշտ է ճիշտ անել այն, ինչ քեզ ասում են: Ավելի կարեւոր է հասկանալ, թե երբ է պետք միայնակ բոլորի դեմ դուրս գալ, իսկ երբ՝ հոսանքի ուղղությամբ ընթանալ»,- ասաց Ջոն Ֆադերֆութը:

Քոլեջի համահիմնադիր Նուբար Աֆեյանն էլ պատմեց մեծ դերի մասին, որ մեր կյանքում ունենում է հիասթափությունը. մենք ամեն ինչ անում ենք՝ դրանցից խուսափելու համար, բայց հենց հիասթափություններն են այն ուժը, որ նոր բացահայտումների են բերում:

Աշակերտները քոլեջի դոնորներին նռան փոքրիկ ծառեր նվիրեցին, իսկ դպրոցի այգում քոլեջում ներկայացված երկրների թվով՝ 48 մեծ ծառ տնկեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ