News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հյուսիսային պողոտայում մայիսի 29-ին կայացած NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան աննախադեպ էր թե մասնակիցների ու հյուրերի քանակով, թե ծրագրի հագեցվածությամբ: Ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ, հանգանակվեց 2մլն 450 հազար դրամ:

Սակայն ոչ բոլոր ցանկացողներն են կարողացել ներկա գտնվել եւ իրենց ներդրումն ունենալ ակցիային, ուստի որոշում է կայացվել հատուկ հաշվեհամար բացել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հայաստանից փոխանցումների համար

Արտերկրից՝ դոլարով փոխանցումների համար

Արտերկրից՝ եվրոյով փոխանցումների համար

ՌԴ-ից ռուբլով փոխանցումների համար

Հանգանակված գումարն ուղղվելու է Արցախում ապրիլյան իրադարձությունների ժամանակ զոհված զինծառայողների անապահով ընտանիքների երեխաների կարիքներին:

NEWS.am-ն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանք, ովքեր իրենց լուման են ներդրել բարեգործությանը եւ ներկայացնում է երեխաների պաշտպանության տոնին նվիրված բարեգործական ակցիայի ամենատպավորիչ պահերն ու ակնթարթները:

Մանուկների համար օրն սկսվեց սեղանների շուրջ նկարչությամբ. սեղանիկների մոտ հավաքված ամենափոքր մասնակիցները փորձում էին ինքնուրույն նկարել ջրաներկով եւ պլաստիլինից զվարճալի եւ սիրված հերոսների ֆիգուրներ էին պատրաստում:

Ավելի ուշ երեխաներին միացան իրենց սիրելի մուլտֆիլմերի հերոսները՝ Մաշան ու Արջը, սփայդերմենն ու բեթմենը: Ուրախ մթնոլորտում դերասաններ Ասյա Հովսեփյանն ու Հայկո Հովհաննիսյանը երեխաների հետ մի պահ պարի բռնվեցին Արջի հետ:

Կեսօրին սկսվեց մանկական համերգը, որի ընթացքում ելույթ ունեցան փոքրիկ երգիչներ, երգի ու պարի համույթներ: Հատկապես ներկաներին գերել էր Սոֆի Դեւոյանի մշակույթի կենտրոնի երկու սաների անզուգական դուետը՝ հայկական ու վրացական պարերի կատարմամբ, իսկ փոքրիկ երգիչները՝ Զարուհի Բաբայանի սաները, ներկաներին գրավեցին իրենց երգով: Ոչ պակաս կրակոտ ու էներգիայով լի էին Նաիրա Գյուրջինյանի «Վաղորդյան կաթիլների» ջազային կատարումները:

Հյուսիային պողոտայում տիրող մթնոլորտն ու էներգետիկան այնքան ուժեղ էր, որ անգամ սկսված անձրեւն ու քամին չստիպեցին մարդկանց հեռանալ, իսկ բեմում մի վայրկյան անգամ չդադարեց երգն ու պարը:

«Երեւանյան թմբուկներ» խմբի ելույթը հաճելի անակնկալ էր ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների համար: Թմբուկների խրոխտ ձայնը միջոցառմանը տոնական եւ հատուկ ռիթմ հաղորդեց:

Ակցիայի ամբողջ ընթացքում մարդիկ ակտիվորեն պաղպաղակ, չիպսեր, քաղցր ձողիկներ եւ զովացուցիչ ըմպելիքներ էին գնում (դրանով իրենց ներդրումն ունենալով հանգանակությանը) հայտնի դերասաններից, հաղորդավարներից, երգիչներից, մարզիկներից, լրագրողներին, հասարակական եւ քաղաքական գործիչներից՝ բաց չթողնելով նրանց հետ լուսանկարվելու հնարավորությունը: NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային ավանդաբար մասնակցող աստղաբույլում այս տարի նորեկներ կային՝ դերասան Մկրտիչ Արզումանյանը (Կարգին Մկո), «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանները:

Ակցիան ուղեկցվում էր ծրագրից դուրս, հանպատրաստից ելույթներով. ճանաչված հաղորդավարներ Արտակ Հերիքյանը, Լուսինե Բադալյանն ու լրագրող Արմինե Գեւորգյանը հանպատրաստից  երգեցին «Մարտիկի երգը», իսկ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն ընդհանրապես որոշեց բարձրանալ բեմ ու երգել «Ղարաբաղի հորովելը»:

Ակցիային մասնակցեցին նաեւ երկրի ղեկավարությունը, պատգամավորներ ու հայտնի քաղաքական գործիչներ:

Պրոդյուսեր Զառա Պետրոսյանի ծրագրի շրջանակներում բարձր վարպետություն ցույց տվեցին Միկան, Մերի Քոչարյանը, Էլինա Չոլախյանը, Դալիթան, իսկ «Սալսա» պարային խումբը հիացրեց իր վառ համարներով:

Արդեն երեկոյան ակցիայի մթնոլորտն իր երգերով ու նմանակումներով հագեցրեց հմայիչ Հայկ Պետրոսյանը՝ Վարդան Պետրոսյանի որդին:

Համերգային ծրագրի կուլմինացիան Մարտակերտից հատուկ ժամանած արցախցի երիտասարդ ռեփերների ելույթն էր: Նրանք հանդես եկան մի քանի երգերով, որոնցից մեկը՝ «Խոխեն ա մեր ապագան», հատուկ գրվել էր այս ակցիայի համար: Այս կատարումն առաջին անգամ հնչեց հենց Հյուսիսային պողոտայում: Իսկ հայրենասիրական երգերը, որոնք մերթ ընդ մերթ հնչում էին Ղարաբաղի բարբառով, ոչ մեկին անտարբեր չթողեցին:

Համերգի եզրափակիչ մասում ելույթ ունեցան Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ատլետները, որոնք ներկաներին ցնցեցին իրենց էքստրեմալ հնարքներով:

Հ. Գ. NEWS.am-ի բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ