Չեխիան Եվրոպայում մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբեւէ եղել է։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ իր խոսում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես ասել է.
«Այսօր պատիվ ունենք Հայաստանում պետական այցով հյուրընկալելու բարեկամ Չեխիայի նախագահ եւ իմ շատ լավ գործընկեր պարոն Միլոշ Զեմանին։ Սա Չեխիայի Նախագահի առաջին այցն է Հայաստան եւ, վստահաբար, իր դրոշմը կթողնի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։
Ինչպես Պրահայում՝ Չեխիա կատարած իմ պետական այցի ընթացքում, այնպես էլ այսօր, մենք բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգերի հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Գոհունակությամբ նկատեցինք, որ դրանց շուրջ մեր տեսակետները հիմնականում համընկնում են, ինչը փոխըմբռնում եւ վստահություն է ապահովում հարաբերությունների խորացման ճանապարհին։
Միայն 2014թ․ ի վեր շուրջ երկու տասնյակ բարձր մակարդակի փոխայցեր են կայացել: Մեր նախորդ հանդիպումից հետո ՀՀ-ում բացվել է Չեխիայի Հանրապետության դեսպանությունը եւ նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը, ակտիվացել է միջխորհրդարանական, ապակենտրոնացված, ռազմատեխնիկական, գիտակրթական ու մշակութային համագործակցությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում։ Այս առումով, իհարկե, առանձնանում է Չեխիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության առաջմղմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Արդյունքում՝ Չեխիան Եվրոպայում մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբեւէ եղել է։
Նախագահ Զեմանի հետ հանգամանորեն քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցությունը, որը մեր առաջնահերթություններից է։ Պատահական չէ, որ երկկողմ գրեթե բոլոր բարձրաստիճան այցերն ուղեկցվում են գործարար միջոցառումների անցկացմամբ, եւ քիչ հետո էլ ես եւ նախագահ Զեմանն ազդարարելու ենք հայ-չեխական հերթական գործարար համաժողովի մեկնարկը։ Իհարկե, այս ոլորտում առկա են դրական զարգացումներ, բայց դեռ մենք շատ անելիքներ ունենք։ Այս առումով քննարկեցինք նաեւ նոր հնարավորությունները, որ ուրվագծվում են Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ, ինչպես նաեւ մեր ավանդական գործընկեր Իրանի շուկայի վերաբացմամբ։ Միեւնույն ժամանակ նախագահ Զեմանի հետ համակարծիք էինք, որ երկուստեք տնտեսական կապերի զարգացումը կարեւորելով հանդերձ՝ մեր հարաբերությունների հենասյունը սոսկ տնտեսական շահը չէ, այլ նույնանուն արժեքները, որ դարերով առաջնորդել են մեր ժողովուրդներին եւ հասցրել մինչեւ 21-րդ դար:
Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձեւի, ինչպես նաեւ այդ հարցում Չեխիայի նախագահի աներկբա դիրքորոշման համար։ Մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու, որ ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել՝ պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով կամ սպառնալիքներ տեղալով:
Շնորհակալ ենք նաեւ Չեխիային հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, որի վառ դրսեւորումներից էր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու ծխական համայնքին տրամադրելու փաստը: Դա մեծ իրադարձություն էր Չեխիայի հայ համայնքի կյանքում՝ ազգային ինքնության պահպանման առումով: Խորին շնորհակալություն նաեւ կարդինալ Դուկային:
Հավատացած եմ, որ մեր միջպետական հարաբերությունները շարունակելու են հաջողությամբ զարգանալ, քանի որ դրանց հիմքում հայ եւ չեխ ժողովուրդների անշահախնդիր բարեկամությունն է, փոխըմբռնումն ու միասնական ապագա կերտելու ձգտումը»:





























