Շուրջ 5 տարի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գրիշա Բաղիյանը չգիտի, թե ինչու է այսօր աշխատանքից ազատվել:

«Ինձ բան չեն ասել, եթե ասեին, ես էլ ձեզ կասեի, բայց ինձ ոչինչ չեն ասել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիշա Բաղիյանը՝ նշելով, որ իրենից նախարարը ոչ մի բողոք չի ունեցել:

Նախարարի արդեն նախկին առաջին տեղակալը դեռեւս չի որոշել, թե ինչով է զբաղվելու հետագայում:

Նշենք, որ Բաղիյանն այս պաշտոնին նշանակվել էր 2011թ. ապրիլի 22-ին: Նախարարությունում նա համակարգում էր՝

ա. նախարարության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի անտառաբուծության բաժնի, առաջին բաժնի, «Լիցենզավորման կենտրոն» գործակալության, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության միջոցով,

բ. նախարարության համակարգի «Հայանտառ» եւ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները եւ աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը,

գ. Մաքսային Միության անդամակցության գործընթացի շրջանակներում նախարարությանը վերապահված աշխատանքները:

Այսօր աշխատանքից ազատված մյուս փոխնախարարը՝ Սամվել Գալստյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել վարչապետի որոշումը:

«Մեկ ամիս առաջ եմ իմացել, ինքս էլ առաջարկել եմ, թոշակի եմ անցնում, տարիքս եկել է, պիտի գնամ»,- ասաց Սամվել Գալստյանը՝ նշելով, որ եթե նախարարն իրենից բողոքներ ունենար, այդ մասին կիմացվեր:

Սամվել Գալստյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2003թ. օգոստոսից: Նա համակարգում էր՝

ա. նախարարության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության միջոցով,

բ. նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն», «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները եւ աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը:

Աշխատանքից ազատված երրորդ փոխնախարարը Գառնիկ Պետրոսյանն է, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2012թ. հոկտեմբերից: Նա համակարգում էր՝

ա. նախարարության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության գիտական եւ գյուղատնտեսության աջակցության կենտրոնների համակարգման բաժնի, հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության միջոցով,

բ. նախարարության համակարգի մի շարք ՊՈԱԿ-ների պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները եւ աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը:

Հիշեցնենք, որ այս ազատումների մասին նախօրեին Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝  չհստակեցնելով, որ կոնկրետ որ փոխնախարարների մասին է խոսքը:

Ի դեպ, ազատված փոխնախարարների փոխարեն ոչ ոք չի նշանակվելու: