Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի 2 քաղաքացու, որոնք ապօրինի հատել են հայ–թուրքական սահմանը։

Ինչեպս NEWS.am –ը տեղեկանում է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, հուլիսի 6-ին սահմանի անմիջական մոտակայքում աշխատող տեղաբնակներից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Թուրքիայի կողմից անհայտ անձը դուրս է եկել Արաքս գետի սահմանային ափ։ Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահների խումբը տագնապով ՀՀ սահմանների գաղտնի դիտարկում եւ քողարկում են կազմակերպել։ Օգտվելով այն հանգամանքից, որ տարվա այս եղանակին Արաքս գետը ծանծաղ է,  սահմանախախտը լողալով անցել է գետը եւ փորձել թաքնվել թփերում։ Այդ նույն ժամանակ սահմանապահները ձերբակալել են իրավախախտին։ Մի քանի րոպե անց հայտնաբերվել է 2-րդ սահմանախախտը, որին նույնպես ձերբակալել են սահմանը հատելուց հետո։

Ձերբակալվածները նախնական հարցաքննության ժամանակ ասել են, որ Աֆղանստանի քաղաքացիներ են եւ մտադիր էին Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա։ Զննության ժամանակ հայտնաբերվել է ուսապարկ, որի մեջ եղել են անձնական իրեր եւ 2 բջջային հեռախոս։ Նույն օրը սահմանախախտներին հանձնել են ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ստուգում են ձերբակալված քաղաքացիների վարկածը։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ գեներալ–մայոր Անատոլի Միխեեւը որոշել է նվերներով խրախուսել տեղաբնակներին։