News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հուլիսի 29-նն ամենալարվածն էր ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման երկու շաբաթվա ընթացքում: Երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցների մի մասն անսպասելիորեն փոխեց դեպի Խորենացի փողոց նախապես հայտարարած երթուղին եւ Նար Դոսից մտան Սարի թաղ: Ոստիկանների մի փոքր խումբ փորձեց պատ կազմել, սակայն ցուցարարները ճեղքեցին պատն ու շարժվեցին առաջ: Ոստիկանությունն արագ վերադասավորվեց եւ մեծ ուժեր կենտրոնացրեց Սարի թաղի հատվածում: Նրանց գործողությունները համակարգում էր փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը: Այդ ընթացքում ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ էին լսվում: Որոշ ժամանակ անց մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ մտան ոստիկանականների թիկունքը եւ ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցների եւ ուժի կիրառմամբ ցրել հավաքված բազմությանը: Ոստիկանները ծխանռնակներ էին նետում մարդկանց ուղղությամբ, իսկ քաղաքացիական հագուստով ու ոստիկանական մահակներով զինված անձիք ծեծի ենթարկում շատերին:  Ցուցարարները փորձում էին նահանջել, ինչը դժվար էր՝ հաշվի առնելով  այն, որ Սարի թաղում փողոցները շատ նեղ են ու խիտ բնակեցված: Բռնության ենթարկվեցին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները: NEWS.am-ի լրագրողի տեսախցիկը նախ կոտրեցին, ապա հափշտակեցին քաղաքացիական հագուստով ոստիկանները: Որոշ լրագրողներ վնասվածքներ ստացան: Ընդհանուր առմամբ 73 մարդ տեղափոխվեց հիվանդանոց, որոնցից 67-ը՝ քաղաքացիական անձիք, 6-ը՝ ոստիկաններ: Հավաքի մասնակիցներին ցրելուց հետո իրավապահներն ակտիվիստների որս սկսեցին Սարի թաղի փողոցներում: Կանգնեցնում էին բոլոր մեքենաները, ստուգում անցորդներին, մտնում տները: Սարի թաղի բնակիչներն ահաբեկված էին, ասում էին՝ իրավապահները շատ ագրեսիվ են եղել, զինված ներխուժել են տները, ահաբեկել իրենց՝ չխնայելով նույնիսկ երեխաներին:  Մինչեւ այդ ոստիկանները ցուցարարներին ցրել էին նաեւ Խորենացի փողոցում, բերման ենթարկել շատերին: Ընդհանուր առամամբ նախօրեին բերման ենթարկվեց 165 մարդ, որոնցից 26-ը ձերբակալվեցին: Ձերբակալվածների թվում են նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու  կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Արմեն Մարտիրոսյանին արդեն մեղադրանք է առաջադրվել անկարգություններ հրահրելու հոդվածով:

Տուժածների մեծ մասը հիվանդանոցներ են դիմել սալջարդերով, բեկորային վնասվածքներով, այրվածքներով: Ամենածանրը 17-ամյա Սայաթ Հարությունյանի վնասվածքն էր, բժիշկները ստիպված էին հեռացնել նրա ձախ աչքը:  Մի աղջիկ էլ ծանր այրվածքներով տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն:

Վերակենդանացման բաժնից հիվանդասենյակ տեղափոխված ԼԱՅՖՆՅՈՒԶ-ի լրագրող Տիգրան Գասպարյանը պատմել է՝ ինչպես է ոտքի բեկորային վնասվածքներ ստացել:

Լրագրողների դեմ բռնությունները դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել լրագրողական երեք կազմակերպություններ՝ պահանջելով անհապաղ քննության առնել բռնության դեպքերը ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Ավելի ուշ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Խորենացի փողոցում եւ Սարի Թաղում տեղի ունեցած բախման ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելով եւ այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ  հարուցվել է քրեական գործ:  

Այդ ընթացքում ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն տարածեց, թե ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել: Ըստ նրա, երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն եւ ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով, այդ ժամանակ էլ ոստիկանը հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանությունը միայն այսօր օրվա երկրորդ կեսին արձագանքնեց նախօրեի դեպքերին՝ հայտարարելով, որ հատուկ միջոցները կիրառել է հավաքի մասնակիցների կողմից ՊՊԾ գնդի տարածք ներխուժելու եւ այնտեղ գտնվող մեծ քանակի զենքին ու զինամթերքին տիրանալու իրական հնարավորությունը հաշվի առնելով:

Այսօր արդեն ԱԱԾ-ն տարածեց տեսաձայնագրություն եւ հայտարարություն, որում ասվում է, որ  հուլիսի 29-ի երեկոյան ՊՊԾ գնդի տարածքից, մասնավորպես, եռահարկ շենքի տանիքի պատուհաններից եւ գնդի հսկիչ անցագրային կետից զինված խմբի անդամները տարբեր զինատեսակներից պարբերաբար կրակ են արձակել Սարի թաղի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, նշված բնակավայրի տների, ինչպես նաեւ Խորենացի փողոցի արգելափակված հատվածը վերահսկող իրավապահ մարմինների ծառայողների ուղղությամբ, իսկ Խորենացի փողոցի բեռնատար ավտոմեքենաներով պատնեշի վրա նետել են ձայնալուսային նռնակներ, գնդի տարածքում նռնակ է պայթեցրել, որից հետո փորձել է այրել իրենց կողմից գնդի հսկիչ անցագրային կետի մոտակայքում կայանած ավտոբուսը՝ դրա տակ այրվող առարկաներ նետելով: Իրավապահների պատասխան համարժեք գործողություններով կրակի բոլոր օջախները լռեցվել են: Ըստ ԱԱԾ-ի՝ փոխհրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներ են ստացել ինչպես Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկաններ, այնպես էլ զինված խմբի անդամներ:

ԱԱԾ-ն զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու եւ առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար ժամանակ տվեց մինչեւ հուլիսի 30-ը՝ ժամը 17.00-ն: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել եւ վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի՝ ասվում էր ԱԱԾ հայտարարությունում: ԱԱԾ-ն նաեւ զգուշացնում էր, որ առանց թույլտվության արգելափակված գոտի մուտք գործելու յուրաքանչյուր փորձ գնահատվելու է որպես ահաբեկչության հանցակցություն, իսկ ոստիկանական արգելապատնեշները բռնությամբ ճեղքելու բոլոր փորձերը կասեցվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցների օգտագործմամբ:

Ժամը 21:00-ի դրությամբ, ԱԱԾ տված վերջնաժամկետի լրանալուց չորս ժամ անց որեւէ բան իրավիճակում չէր փոխվել:

Երեկոյան Աշոտ Ահարոնյաննը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել, ինչի հետեւանքով սպանվել է գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը:

Շտապօգնության ծառայությունը հայտարարեց, որ իրենք խիստ անհանգստացած են ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողների ճակատագրով, այսօր զրուցել են նրանց հետ ու հասկացել, որ բուժաշխատողները տագնապած են: Իսկ հետո այլեւս չեն կարողացել կապվել նրանց հետ: Ի դեպ, ՊՊԾ գնդի ներսում այս պահին երկու բուժաշխատող կա: Բուժակ Սալվադոր Խեչոյանը ինչպես պարզվեց, նախօրեին ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված երկու անձանց ուղեկցել է հիվանդանոց, եւ ետ չի վերադարձել:

Քաղաքապետարանը հայտարարեց, որ Էրեբունիում եւ հարակից փողոցներում հանրային որեւէ միջոցառման իրականացումն արգելված  է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ