2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ա. Դ.-ին եւ Ն. Պ.-ին:
Ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015 թվականի հունիսի 23-ին, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Այսպիսով, հիշյալ քրեական գործի նախաքննության արդյունքներով պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու եւ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: