News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունին իհարկե դիվանագիտական մարաթոն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգ ունեցող Արման Նավասարդյանը:  

Նրա խոսքով, Ռուսաստանը շատ ակտիվորեն աշխատում է այդ ուղղություններով:  «Այսօրվա դրությամբ Հայաստանում այդ հանդիպումից հետո քիչ բան կա ուրախանալու: Բայց ես չեմ կարծում, թե դա իրանական ուղղությամբ Երեւանի քաղաքականության վերջն է:  Ես տեղեկություններ ունեմ, որ Իրանը հարցը փակված չի համարում: Հռչակագիր կա, բայց մինչեւ հռչակագիրն առարկայական դառնա, բավականին երկար ժամանակ կպահանջվի», - նշել է Նավասարդյանը:

Ռուսաստանի համար, շարունակել է նա, շատ կարեւոր է Կասպից ծովի խնդիրը:  «Այնտեղ կարգավիճակի հարց կա: Ըստ էության, 2017-ին կոնվենցիա կստորագրվի Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Կասպից ավազանի այլ երկրների միջեւ:  Այստեղ ամենակարեւոր խնդիրը ԱՄՆ-ի մուտքը ավազան արգելելն է: Երկու տարի առաջ առաջին քայլն է արվել այդ ուղղությամբ. փակվել է Վաշինգտոնի ռազմական ուղին դեպի Կասպից ծով», - հիշեցրել է Արման Նավասարդյանը: Այստեղ, նրա տեսանկյունից, բազմակոմբինացիոն խաղեր են ընթանում: «Եվ Ադրբեջանի դերը, որպես Ռուսաստանի եւ Իրանի միջու կապող օղակի, ես շատ անորոշ եմ տեսնում: Բաքուն չի փոխի իր քաղաքական կողմնորոշումը: Ադրբեջանն այս պահին փորձում է ճկուն խաղալ եւ, իմիջիայլոց, վատ չի ստացվում», - նշել է դիվանագետը` միաժամանակ պարզաբանելով, որ Իրանը եւ Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք ամեն վայրկյան կարող են դուրս գալ մակերեւույթ: 

Այն հարցին, թե Հայաստանի եւ ղարաբաղյան գործընթացի համար սպառնալիք չեն ներկայացնում արդյոք Ադրբեջանի` տարածաշրջանում ներկայիս գեոպոլիտիկ դասավորության մեջ իր դերը բարձրացնելու փորձերը, Հայաստանի նախկին փոխարտգործնախարարը նշել է.  «Ադրբեջանը միշտ էլ փորձում է ցանկացած առիթն օգտագործել, դա միանշանակ է, անկախ այն բանից` կլինի Բաքուն նշված եռանկյունում, թե ոչ: Իհարկե, դա սպառնալիք կլինի ղարաբաղյան կարգավորման համար, այդ պատճառով մենք պետք է աշխատենք թույլ չտալ դեպքերի նման զարգացում»:

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ հռչակագրում, շարունակել է Արման Նավասարդյանը, շատ կարեւոր տեղ է զբաղեցնում ահաբեկչության դեմ պայքարը:  «Ես կարծում եմ, որ դա արհեստական վիճակ է: Ահաբեկչության դեմ ի՞նչ պայքարի մասին կարող է խոսք լինել, եթե ղարաբաղյան հարցում, եւ, ընդհանուր առմամբ, հայերի հանդեպ վերաբերմունքում Ադրբեջանի քաղաքականությունը դասական ահաբեկչության օրինակ է: Եվ մինչ օրս դա շարունակվում է: Մենք, ցավոք սրտի, չենք կարողանում աշխարհին հասկացնել, որ գործ ունենք Ադրբեջանի ֆաշիստական այլատյացության հետ», - ասել է Նավասարդյանը:       

Միջազգային իրավունքի տեսանկյունից, հավելել է դիվանագետը, կա ՄԱԿ-ի բանաձեւը, որը կոչվում է «Հարկադրված հեռացում» («Remedial Cessation»): «Այսինքն, եթե ապացուցվում է, որ էթնոսը ոչնչացման սպառնալիքի տակ է, նա կարող է ինքնաբերաբար դուրս գալ այդ երկրի կազմից: Անհրաժեշտ է աշխատել տվյալ ուղղությամբ», - ամփոփել է Արման Նավասարդյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ