Իջեւանցի Վազգեն Օհանյանը կալանավորվել է թոշակառու կնոջից 260 դրամ հափշտակելու համար:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 6-ին մի կին է դիմել ոստիկանության բաժին եւ հայտնել, որ իր տան վրա ավազակային հարձակում են գործել:

Դեպքի վայր մեկնած իրավապահներին թոշակառու կինը դեպքից մանրամասներ է հայտնել:

«Եկավ, թե ինձ ջուր չես տա՞, ես էլ ասի՝ կտամ, եղածն ի՞նչ ա որ, տվի, հետո խցկվեց տուն, թե նորից բաժակով ջուր տուր, հետո բռնեց ինձ, թե ինձ փող տուր, դու շատ փող ունես, 10 հազար տուր, կամ գոնե 5 հազար: Ես էլ ասի՝ չունեմ, թոշակառու կին եմ... բռնեց մազերիցս քաշեց, կոկորդս սեղմեց...»,- ասել է կինը:

Ավազակային հարձակում գործած տղամարդն այնուհետեւ զննել է կնոջ բաժկոնի գրպանները, հայտնաբերել ընդամենը 260 դրամ, որն էլ հափշտակել է եւ դիմել փախուստի: Ժամեր անց ոստիկանները հայտնաբերել են հարձակում կատարած անձին: Պարզվել է, որ նա Իջեւանի բնակիչ, Վզե մականվամբ Վազգեն Օհանյանն է եղել, որն էլ խոստովանել է կատարածը:

«Մտա տուն, ասի՝ փող տուր, ասաց՝ չունի, մի հատ խփի, ճվաց, ես էլ կոկորդից բռնեցի, ասի՝ փող տուր»,- ոստիկանությունում պատմել է Վազգեն Օհանյանը:

Հարուցվել է քրեական գործ, Վազգեն Օհանյանը կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: