ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն աննախանձելի վիճակում էր հայտնվել։ Այս մասին նոյեմբերի 25-ին ասել է ՆԱՏՕ–ի ԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ–ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը։
Նրա խոսքով՝ Չավուշօղլուն իր ելույթում խոսել է հակամարտություններից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, եւ հայկական պատվիրակության անդամները չէին կարող համապատասխան հարցեր չբարձրացնել. «Թուրքիայի հետ հարաբերությունների կապակցությամբ մենք նշել ենք, որ Անկարան որդեգրել է «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունն այն դեպքում, երբ նրա զինված ուժերը մտել են 3 հարեւան պետությունների տարածք։ Մենք ընդգծել ենք, որ Թուրքիան բացասական դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության հարցում հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո»,– ասաց Նահապետյանը եւ հավելեց, որ Թուրքիան շարունակում է այդ բացասական դեր խաղալ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում։
Թուրքիայի պաշտոնատար անձինք, նրա խոսքով, նյարդային արձագանք են տվել հայ պատգամավորների հարցերին։ «Պետք է ասեմ, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն աննախանձելի վիճակում էր հայտնվել։ Նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմային, թեպետ մենք դրա մասին չէինք էլ հիշատակել, եւ ասաց, որ հայերն աշխարհում սուտ են տարածում։ Հաջորդ օրը՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադարձ կատարվեց Ցեղասպանությանը, այն փաստին, թե քանի երկիր է ճանաչել մարդկության դեմ այդ հանցագործությունը, ինչպես նաեւ ԻՊ–ի հետ Անկարայի կապերին, Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի հասցրած ավիահարվածներին։ Թուրքական կողմը հայտարարեց, թե այդ կապերի ոչ մի ապացույց չկա այն դեպքում, երբ բազմաթիվ վկայություններ կան»,– նշեց Նահապետյանը։











