News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը ներկայացրել է նաեւ օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշման համաձայն Հայաստանի կողմից միջազգային հեղինակավոր այդ կազմակերպության նախագահության ստանձնումը, ինչպես նաեւ գագաթնաժողովի եզրափակիչ բանաձեւում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրումը:

Գագաթնաժողովն ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու եւ անցկացնելու ուղղությամբ ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարեւոր է մեր երկրի արտաքին հարաբերություններն արդյունավետ կառուցելու համար:

Նախարար Նալբանդյանը զեկուցել է նաեւ առաջիկայում Հայաստանի մասնակցությամբ միջազգային կազմակերպություններում տեղի ունենալիք մի շարք հանդիպումներում՝ Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված արտգործնախարարների հավաքում, ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱԳ նախարարական «Հաստատակամ աջակցություն» առաքելությունում, Փարիզում կայանալիք «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովում, Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպմանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:

Հանրապետության նախագահը նախարարի ուշադրությունն է հրավիրել Փարիզում նախատեսված ՀՀ դեսպանների ավանդական հանդիպմանը դիվանագետներին տրվելիք հանձնարարականների վրա՝ ուղղված հատկապես տնտեսության բնագավառում հետեւողական եւ ակտիվ աշխատանքին՝ նկատի առնելով կառավարության նոր ծրագիրը եւ մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումները:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է Էդվարդ Նալբանդյանին հաջորդ դեսպանահավաքն անցկացնել Հայաստանում՝ ՀՀ բոլոր դեսպանների մասնակցությամբ: Նախագահն իր մոտեցումներն է ներկայացրել տնտեսական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ աշխատանքի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ