News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումից մեկ օր անց՝ հուլիսի 27-ին, մահացած 28-ամյա Տաթեւ Գասպարյանի գործով դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակվել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ փորձագետները պետք է պարզեն՝ ինչքանով են ԲԿ-ի 3 մասնագետներ կատարել իրենց պարտականությունները, արդյոք նրանցից որեւէ մեկը թերացել է: Խոսքը մասնավորապես առաջին հերթին երիտասարդ բժշկուհի Լիանա Դաղբաշյանի մասին է, որը ըստ հիվանդության պատմագրի, կատարել է կեսարյան հատումը: Երկրորդ բժիշկը ծննդատան բաժանմունքի վարիչ Վարդան Ռափյանն է, որն ըստ նույն պատմագրի, եղել է Դաղբաշյանի օգնականը վիրահատության ժամանակ: Չնայած պատմագրում այդ մասին նշված է, մահացած ծննդկանի հարազատները չեն հավատում. Ինչպես կարող է բաժանմունքի վարիչը լինելը ընդամենը օգնական: Երրորդը վիրահատությունից հետո հերթապահած բուժքույրն է, որը ծննդկանի մոր պատմելով՝ առաջարկել է արդեն վատ վիճակում գտնվող դստերը սուրճ խմել եւ շոկոլադ ուտել:

Թե ինչ եզրակացություն կտա հանձնաժողովը, պարզ կդառնա ամիսներ անց:

Նշենք, որ ըստ դաաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կեսարյան հատման ժամանակ անոթի ամբողջականությունն է խախտվել, ինչն էլ չեն վերականգնել, որն էլ հանգեցրել է երիտասարդ կնոջ մահվան։

Ավելի վաղ Տաթեւի մայրը մեզ հետ զրույցում պատմել էր, որ կեսարյան հատման ցուցում չի եղել, պարզապես բժշկուհին համոզել է՝ այդպես ավելի ապահով կլինի երեխայի համար։ Մոր խոսքով՝ վիրահատությունը նորմալ էր անցել, սակայն կարճ ժամանակ անց դստեր վիճակը սկսել էր վատանալ, ճնշումն էր ընկել, իսկ բուժքույրն էլ խորհուրդ էր տվել սուրճ խմել եւ շոկոլադ ուտել։ Ծննդկանի վիճակը, տիկին Հասմիկի պատմելով, գնալով ավելի էր վատանում, որովայնը սկսել էր այրվել, իսկ ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում՝ բացառելով նույնիսկ տարբերակը, թե կարող է անոթ է վնասվել եւ արյունը որովայնի մեջ էր լցվում։

«Վիրահատությունից մոտ 6 ժամ անց հերթապահ բժիշկը ուլտրաձայնային հետազոտություն կատարեց եւ ասաց, որ ամեն ինչ կատարյալ է, արգանդը կրճատվում է: Ավելի ուշ նա խոստովանեց, որ մասնագետ չէ եւ այնքան էլ չի հասկանում սոնոգրաֆիայից: Հրավիրեցին սոնոգրաֆիայի մասնագետի՝ փորձառու տարեց կնոջ, որն էլ հետազոտելով ասաց, որ հնարավոր է ներքին արյունահոսություն է՝ նրա որովայնի մեջ արյուն էր կուտակվում: Ժամը 1։20-ին վիրահատարան տարան՝ ասելով, որ ընդամենը մազանոթներն են պայթել․․․ ժամը երեքին արդեն ասացին մեզ, որ գնանք արյուն բերելու»,- պատմել էր Տաթեւի մայրը։

Արդեն լուսադեմին ծննդկանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն՝ այդպես էլ հարազատներին չբացատրելով, թե որն է եղել նրա վատանալու պատճառը։ Տեղափոխվելուց ժամեր անց 28-ամյա ծննդկանը մահացել է։

Տաթեւի Գասպարյանի հարազատները կատարվածում մեղադրում են «Սլավմեդի» բժիշկներին։

Նշենք, որ այս հիվանդանոցում այս տարվա ընթացքում երկու ծննդկան է մահացել։

Տպել
Ամենաշատ