News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԿԳ նախարարությունն իրավական պահանջ է ամրագրել, որ բուհերի կառավարման խորհուրդների կազմում առնվազն 25 տոկոսը պետք է ուսանողներ լինեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԵՊՀ-ում «Ուսանողական կառույցների ազդեցությունը եւ դերը բարձրագույն կրթական համակարգում» խորագրով ուսանողական միջազգային ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ֆորումն անցկացվում է երրորդ անգամ, մասնակցում են  Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Իսպանիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Վրաստանի ուսանողական կառույցների ղեկավարները:

Ողջունելով մասնակից ուսանողներին՝ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ ուրախ է ողջունել տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, ովքեր մոտիվացված են կրթության որակի  բարելավման եւ կառավարման արդյունավետության բարձրացման հարցում: Կարեւորելով ուսանողների դերակատարության բարձրացումը բուհերի կառավարման գործընթացում՝  Կ. Հարությունյանն ընդգծել է, որ  ՀՀ օրենսդրությունը բուհերի կառավարման համակարգում  ուսանողության մասնակցության ապահովման տեսանկյունից  ազատական է. « Եվրոպական բարձրագույն  կրթության տարածքում մեր երկրի օրենսդրությունն առաջադեմ է՝ օրինակ մենք իրավական պահանջ ենք ամրագրել, որ բուհերի կառավարման խորհուրդների կազմում առնվազն 25 տոկոսը պետք է ուսանողներ լինեն: Կառավարմանը մասնակցելու եւ կայացվող որոշումների վրա ազդեցություն ունենալու առումով սա բավականին լուրջ  ցուցանիշ է: Բացի այդ մենք ունենք նաեւ ազգային ուսանողական կառույցներ, որոնք բավականին ակտիվ   նախաձեռնություններով են հանդես գալիս»,- նշել է Կ. Հարությունյանը: 

Հանդիպման ընթացքում ուսանողները տարբեր հարցեր են ուղղել նախարարի տեղակալին,  որոնք վերաբերել են  ուսանողների շարժունությանը,  բուհերի դասավանդման մեթոդաբանությանը, կրեդիտային համակարգի արդյունավետությանը, ՀՆԱ-ի մեջ կրթության ծավալի մասնաբաժնին եւ մի շարք այլ խնդիրների:

Տպել
Ամենաշատ