News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«1000 դրամների» նախաձեռնությունը կարող է միայն լրացուցիչ օժանդակություն հանդիսանալ, այլ ոչ թե զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ պետական հոգածությանն ու պարտավորություններին փոխարինող միջոց: Այս մասին դեկտեմբերի 8-ին նշվել է Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում, որի օրակարգում եղել է մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների հարցը, որը նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է:

Հանրային խորհրդի անդամները նախ քննարկել են ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հանրային խորհրդի պատվիրակության հանդիպման արդյունքները, որի ընթացքում ՀԽ անդամները ներկայացրել էին իրենց մոտեցումները նախաձեռնության վերաբերյալ եւ, ընդհանուր առմամբ դրական գնահատելով այն, բարձրացրել մի շարք հարցեր ու հնչեցրել մտահոգություններ:

Դեկտեմբերի 8-ի նիստին Հանրային խորհուրդը վերահաստատել է զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին համազգային աջակցություն ցուցաբերելու կարեւորությունը, որը դրական է ընդունվել նաեւ հասարակության լայն շրջանակներում, միաժամանակ ընդգծելով, որ այս նախաձեռնության իրականացման գործընթացում կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր, եւ անհրաժեշտություն կա մինչեւ Ազգային ժողովի կողմից օրենքի վերջնական ընդունումը  կազմակերպել լրացուցիչ խորքային քննարկումներ:

Իրենց ելույթներում ՀԽ անդամներն ընդգծել են, որ նմանատիպ նախաձեռնությունը կարող է միայն լրացուցիչ օժանդակություն հանդիսանալ, այլ ոչ թե զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ պետական հոգածությանն ու պարտավորություններին փոխարինող միջոց:

Առանձին ներկայացվել եւ քննարկվել են մի շարք առաջարկներ` այդ թվում գումարների հավաքագրումը ոչ թե հիմնադրամի միջոցով, այլեւ հարկային պարզեցված մեխանիզմներով իրականացնելու տարբերակը, որոշակի սանդղակներ սահմանելու հարցը, օրենքը հետադարձ ուժով նախորդ տարիների դեպքերի վրա տարածելու անհրաժեշտությունը եւ այլն: Ներկայացվել է նաեւ առաջարկ այս նպատակի համար դրամական միջոցների հավաքագրումը համահայկական  հանգանակության միջոցով իրականացնելու վերաբերյալ` ընդգծվելով կամավորության սկզբունքը:

Հանրային խորհուրդը գտնում է, որ նման կարեւոր նախաձեռնությունն անհրաժեշտ է իրականացնել միմիայն հասարակական լայն փոխըմբռնման ու վստահության բարձր մակարդակի պայմաններում, հակառակ դեպքում այն չի կարող արդյունավետ լինել եւ կարող է նպաստել հասարակության շրջանում բացասական տրամադրությունների առաջացմանը:

Տպել
Ամենաշատ