News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ավշար գյուղում 38 ամյա Արմինե Դավթյանն իր 3 անչափահաս երեխաների հետ ապրում է վրանի մեջ: Վրանը  գտնվում է Վեդի-Արարատ մայրուղու վրա` զինվորական զորամասի դիմաց: NEWS.am-ի հետ զրույցում Արմինեն պատմեց, թե ինչու եւ ինչպես է հայտնվել այդտեղ:

«Ես ծնունդով Սեւանից եմ, 99թ-ին ամուսնացել եմ Սեւանում, սակայն 2009թ ամուսնալուծվել եմ ու երեք երեխաներիս հետ հայտնվել դրսում: Ամուսնալուծվելուց հետո երբեւէ հարազատներիս չեմ դիմել, քանի որ բոլորն էլ մի կերպ ապրում են ու չեմ ցանկանում նրանց բեռ դառնալ: 2010թ-ին ինձ առաջարկեցին Հոկտեմբերյանում աշխատանք` ֆերմայում, դե անասուն պահել, կթել, տարածքը մաքրել ու երեխեքիս հետ գնացի Հոկտեմբերյանի Նորապատ գյուղ: Մի քիչ էնտեղ աշխատեցինք, մեզ շատ լավ էին վերաբերվում, սակայն, ֆինանսական խնդիրներ ունեցավ ֆերմայի տերը ու ստիպված աշխատանքից դուրս եկա»,-պատմեց Արմինեն:

Այստեղից երիտասարդ կինն իր երեխաների հետ գնում եւ հերթական ֆերմայում է գործի անցնում, բայց այդտեղ էլ երկար չի մնում: Որոշ ժամանակ  աշխատանքի փնտրտուքներով հայտնվում է Արարատի Մխչյան գյուղում, որտեղ նորից նույն գործն է անում.

«Գործը լավ էր, չեմ դժգոհել, երեխեքս էլ հետս հավասար աշխատել են, մանավանդ մեծ տղաս՝ թրիք է մաքրել, ինչ-որ պատահի ինձ հետ հավասար արել է, բայց էստեղ էլ մի օր անասունն է խփել ինձ ու առողջական խնդիրների առաջ կանգնացրել: Գործից դուրս եմ եկել, որոշ ժամանակ ինքնուրույն բուժվել ու աշխատանքի անցել Լանջանիստ գյուղի ֆերմաներից մեկում: Ես ու երեխեքս ամեն աշխատանք արել ենք տիրոջ ֆերմայում մոտ 2 տարի 8 ամիս` էլ կով ենք կթել, էլ թրիք ենք մաքրել, մեծ տղաս ամեն գործ, ինչ-որ ասել են արել է, ճիշտ է, ֆերմայի տերը փայտյա դոմիկ տրամադրեց, որ ապրենք, բայց նենց պայմաններ էր….աղջիկս մի օր քայլելուց տախտակը պոկվեց ու ոտքը կոտրեց….Էդ ամենի հետ, սակայն. աշխատավարձ չենք ստացել նորմալ ու էստեղից էլ ենք ստիպված դուրս եկել: Հիմա մի բարերար էս վրաննա մեզ տվել ու ստեղ ենք ապրում: Կողքը դիֆտերով հարմարեցված է, կռիշներս վրանի կտոր ու վրանն էլ ծածկոց ենք դրել, որ անձրեւից, ձնից պաշտպանվենք: Ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ աշխատում, տան միակ աշխատողը մեծ տղաս է, ինչ պատահի, անում է, որ մի կերպ ապրենք»,-պատմեց Արմինեն:

Արմինեի մեծ տղան 16 տարենկան է, փոքր աղջիկը 7 տարեկան: Նրանց ամսական եկամուտը 37 000 դրամ նպաստն է եւ տղայի օրվա վաստակածը, որը պատահում է, որ 500 դրամ է կազմում: Արմինեի 3 երեխաներն էլ դպրոցահասակ  են, բայց ոչ ոք դպրոց չի հաճախում. մեծ տղան 8 տարեկանից թողել է ուսումը եւ սկսել աշխատել, փոքրը` առաջին դասարան գնացել է Լանջանիստ գյուղում, բայց հիմա այլեւս դպրոց չի հաճախում.

«Էս տարածքից մինչեւ Արարատ հասնել ու դպրոց գնալը ամսական մոտ 40000 դրամ է կազմում ու էդ հնարավոությունը ես չունեմ, բայց իմ միակ երազանքն այն է, որ երեխեքս դպրոց գնան, թեկուզ լավ չսովորեն, բայց գնան: Հիմա փոքր աղջկաս հետ տանը ուսումնական ձեռնարկները գտել եմ, աշխատում եմ հետը, որ գոնե տառերը չմոռանա: Բոլոր երեխաներս էլ ինձ հետ հավասար ծանր ապրումների մեջ են, բայց ամենաշատը` մեծ տղաս: Երեխեքս ամեն երեկո աղոթում են, որ գոնե մի սեփական անկյուն ունենան ու հասարակության հարգանքն ունենան»,-ասաց Արմինեն:

Արմինեի խոսքով, Ամանորին չեն պատրաստվում, թեպետ շատ կուզեր, որ իր երեխաներն էլ մյուսների նման տոնածառ  զարդարեին ու ուրախանային...

Օգնել ցանկացողները կարող են զանգահարել Արմինե Դավթյանին հետեւյալ հեռախոսահամարով (098) 05 98 97:

Տպել
Ամենաշատ