News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թամարա Քաբասաքալյանն ամուսնու եւ երկու մանկահասակ երեխաների հետ Կանադայից Հայաստան է տեղափոխվել 5 տարի առաջ: Հայաստանում ոչ մի ազգական չունեցող այս ընտանիքն այստեղ բնակվելու մասին երազում էր դեռեւս 2000-ական թվականներից, թեեւ Կանադայում էին ծնվել եւ Հայաստան ընդամենը մի քանի անգամ էին եկել, այն էլ հյուրի կարգավիճակով:

«Ինքս 4 անգամ Հայաստան եկել եմ, առաջինը` 1989թ.-ին, ես հենց այդ ժամանակ սիրահարվեցի Հայաստանին, հետո ամուսնուս հետ եկանք արդեն 2001թ.-ին, սերս ամրապնդվեց: Կանադա վերադառնալուց հետո անընդհատ ասում էի` մի օր Հայաստան եմ տեղափոխվելու, բայց դա երազանք էր, չէի պատկերացնում` այդ օրը երբ է լինելու: Այնուհետեւ 2 անգամ էլ ամուսնուս հետ եկանք` երեխաներին կնքելու համար:  Իսկ Հայաստան տեղափոխվելու որոշումն արագ ենք կայացրել. 2010թ. հոկտեմբերին որոշեցինք, 2011թ. հունիսին եկանք Երեւան: Մեզ ճանաչողները զարմացան, իսկ մտերիմներն ասացին` ձեր երազանքն իրականացավ»,- պատմում է Թամարան:

Թամարան նշում է` Կանադայում ինքն ու ամուսինը լավ աշխատանք ունեին, տուն, մեքենա, մի խոսքով, այն ամենն ինչ պետք է երկու երեխաներին բարեկեցիկ կյանք ապահովելու համար, սակայն որոշում են` երեխաների ապագան ամեն դեպքում Հայաստանում կառուցել: 43-ամյա կինն ընդգծում է` Հայաստանում ապահով է, երեխաներին ամեն օր կարելի է թատրոն կամ օպերա տանել, մինչդեռ Կանադայում նախ շատ թանկ է, երկրորդ` 3 կամ 6 ամիսը մեկ էր հայկական թատրոն լինում, ապրելու հաճույք կա, ընտանեկան եւ ընկերական հարուստ կյանք. «Դժվարություններ բոլոր տեղերում էլ կան, մենք որոշեցինք հենց այստեղ հաղթահարել դրանք: Երբ իջանք օդանավից, գործի վերաբերյալ մտավախություն կար, ինտեգրվելու վախ կամ մտահոգություն չկար, միայն մտածում էինք` երեխաները կկարողանան լիարժեք կրթություն ստանալ, բժշկական օգնություն: Բայց հիմա որ երեխաներին հարցնում ենք` կուզեք վերադառնալ Կանադա, միանշանակ բացասական պատասխան են տալիս»:

Հինգ տարիների ընթացքում ընտանիքը շատ դժվարությունների է հանդիպել, այսօր այդ ամենի մասին Թամարան ժպիտով է խոսում, նշում է` դժվարություններն իրենց կոփել են, 5 տարում 15 տարվա կյանքի փորձառություն են ձեռք բերել, եթե Կանադայում մնային, այս փորձը ձեռք չէին բերի: Թե ինչ է Հայաստանին պակասում, մանկավարժ Թամարան պատասխանում է` մարդու իրավունքներ, սոցիալական ծառայություններ, կրթություն, բժշկական օգնություն, հաշմանդամություն ունեցող անձանց եւ տարեցներին ուղղված աջակցություն:

«Հայաստանում մեծ խնդիր է նաեւ գործազրկությունը, աղքատությունը, կոռուպցիան, որն իհարկե ամբողջ աշխարհում կա, բայց քանի որ Հայաստանը փոքր երկիր է, այն աչքիդ առաջ է, ամեն օր հանդիպում ես: Սրտիս մեջ մի փոքր ցավ կա, թե ինչու պետք է իմ երկրում նման բաներ լինեն, երանի սա լիներ, երանի դա լիներ, երանիները շատ են: Հայաստանը սոցիալական ծառայության կարիք ունի: Շատ կուզենայի նաեւ, որ սփյուռքահայերը տարբեր տեսակի ներդրումներ անեն Հայաստանում, խոսքը միայն ֆինանսական օգնության մասին չէ»,- ասում է նա:

Թամարան իր փոքրիկ ներդրումը Հայաստանում կատարում է հետեւյալ կերպ. բացել է ուսումնական կենտրոն, որտեղ անգլերեն եւ ֆրանսերեն է սովորեցնում նոր մեթոդներով: Թամարայի խոսքով` երեխաներին պետք է սովորեցնել լեզուն պրակտիկայի մեջ, ոչ թե ստիպել անգիր անել: Միեւնույն ժամանակ, ըստ երկարամյա փորձ ունեցող մանկավարժի, երեխան պետք է հաճույքով սովորի, իսկ դրա համար հատուկ խաղեր են հարկավոր:

«Հայաստանյան դպրոցների մեթոդները սովետական են, իհարկե, կարդալն ու թելադրություն պետք է լինի, սակայն ուսուցման ձեւը պետք է փոխվի: Ես միշտ ասում եմ, որ իմ մրցակիցը «գուգլն» է, քանի որ երեխային ավելի շատ համացանցն է գրավում, քան դպրոցը, հետեւաբար պետք է այնպես անել, որ երեխային գրավես քո մեթոդներով, խաղերով: Պետք է նաեւ երեխայի հոգեբանությունը հասկանալ»,- ասում է նա:

Երբ հասցնում ես, թե ինչ կբերեիր Կանադայից Հայաստան, Թամարան երկար մտածում է եւ նշում երկու բան` օրինականություն եւ կրթության նկատմամբ «դրայվ»: Կարոտով է հիշում, թե Կանադայում ինչպես են երիտասարդները ձգտում լավ կրթություն ստանալ, ինչը Հայաստանում չկա:

«Ինձ հենց այս փաստն է մտահոգում ամենաշատը, թե իմ երեխաներն այս պայմաններում ինչ կրթություն կստանան, ինչ մասնագետներ կդառնան: Եթե Հայաստանը չփոխվի, ստիպված պետք է դուրս գնան»,- վերջում նշում է Թամարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ