News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հայ համայնքից շատերն այսօր մտածում են երկրից արտագաղթելու մասին: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Պարոն Էստուկյան, ինչպիսի՞ տարի էր համայնքի համար 2016 թվականը` հաշվի առնելով Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչություններն ու ճգնաժամը:

Նախորդ տարին ոչ միայն հայ համայնքի, այլեւ Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար շատ ծանր տարի էր, մտահոգիչ իր բոլոր զարգացումներով, մտահոգություն պատճառող տարի էր: Մարդիկ մտահոգ են շատ: Թուրքիայի բոլոր քաղաքացիները, այդ թվում 70-80 հազար հայերը, լավ բաների ակնկալիք էլ չունեն, ցավոք սրտի: Թուրքիայում պատերազմական իրավիճակ է, հետեւաբար մտահոգությունները շատ են: Այսքանից հետո շատերն են մտածում Թուրքիայից հեռանալու եւ ավելի անվտանգ երկրներում ապրելու մասին: Խոսքս ոչ միայն հայերին է վերաբերում, այլեւ ուրիշ այլ ազգերի: Մարդկանց մոտ լավատեսություն չկա:

Հեռացողները շատ մեծ թիվ չեն կազմում, սակայն հեռանալու մասին շատերն են մտորում: Օրինակ, վերջերս հայտնի է դարձել, որ 51 հրեա է հեռացել Թուրքիայից, հայերի վերաբերյալ վիճակագրություն չկա, միգուցե լինեն արտագաղթողներ, սակայն հեռանալու մասին մտածողներն իրոք շատ են:

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ամբողջ երկրում իշխանությունները բռնություններ եւ ճնշումներ են գործադրում հասարակության տարբեր շերտերի նկատմամբ: Արդյոք բռնությունների, ճնշումների ենթարկվե՞լ են հայ համայնքի ներկայացուցիչները:

Հայ համայնքի նկատմամբ հատուկ ճնշումներ չեն եղել, հատկապես հուլիսի 15-ին տեղի ունեցած դեպքերից հետո: Միակ բացառությունը հայ բժշկի գրասենյակն էին փակել, ասում էին` իբր այդ բժշկի գործընկերներն առնչություն ունեն հեղաշրջման փորձի հետ, սակայն հետո խնդիրը հարթվեց: Սա միակ դեպքն էր: Այնուամենայնիվ, այս դեպքից հետո Թուրքիան ավելի բռնապետական դարձավ, շատ օրենքներ այսօր չեն գործում:

Թուրքիայի խորհրդարանում այսօր 3 պատգամավոր կա: Ի՞նչ են նրանք արել նախորդ տարվա ընթացքում հայ համայնքի համար:

Ավելի քան մեկ տարի է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանում երեք հայ պատգամավոր կա երեք տարբեր կուսակցություններից: Նրանք խորհրդարանում չեն` հայ համայնքը ներկայացնելու համար, այլ անհրաժեշտ ձայները հավաքելու միջոցով: Հետեւաբար, այո նրանք հայ պատգամավորներ են, հայկական ծագում ունեն, բայց իրենց պատասխանատվությունն ու գործունեության դաշտն ավելի բարձր է, քան միայն հայ համայնքին ներկայացնելը: Չեմ կարող երեքին էլ հավասար գնահատական տալ, քանի որ Մարգար Եսայանն իշխանության կուսակցության պատգամավորն է, եւ նրա ձայնը շատ հազվադեպ ենք լսում, բայց մյուս կողմից Կարո Փայլանն ու Սելինա Դողանը, որոնք ընդդիմադիր ուժերից են, նրանց ձայնն ավելի լսելի է, ավելի ակտիվ մասնակցություն ունեն խորհրդարանում եւ ելույթներ են ունենում: Այս երկու գործիչները մեծ ծավալի աշխատանք են իրականացնում, բոլոր հայերն էլ գնահատում են նրանց աշխատանքը, քաղաքական գործունեությունը:

Չմոռանանք բայց, որ Թուրքիայում քաղաքականության մեջ լինելը շատ դժվարություններ ունի: Հուլիսյան դեպքերից հետո վտանգավոր է նաեւ պատգամավորների համար, որովհետեւ 13-ն արդեն կալանքի տակ է: Այս տեսանկյունից, Փայլանի եւ Դողանի գործունեությունը մի կողմից մտահոգում է հայ համայնքին, մյուս կողմից հպարտություն է ներշնչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ