Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 2,5 տարվա ազատազրկման դատապարտված, Գյումրիի բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նազանի Մալխասյանի փաստաբանի բողոքը:
Բժշկուհու փաստաբան Իշխան Վանոյանը պահանջում էր կայացնել արդարացման դատավճիռ կամ ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Դատարանը, սակայն, մերժել է բողոքը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:
Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մալխասյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2,5 տարվա ազատազրկման՝ երեք տարով զրկելով նաեւ բժշկությամբ զբաղվելու իրավունքից: