News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի եւ Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի հրապարակ) տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման համար մշակված նախագիծը:

Հանդիպմանը մասնակցել են Երեւանի գլխավոր ճարտարապետը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներ, ՃՈ Երեւան քաղաքի վարչության եւ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներ, ճարտարապետներ:

Ըստ երթեւեկելի գոտիների` ուսումնասիրվել է ծանրաբեռնված ժամերին տրանսպորտային հոսքերի քանակը: Նախագծի հեղինակ, ճարտարապետ Գեւորգ Մուշեղյանը նշել է, որ հաշվի առնելով տեղանքի ճարտարապետությունը՝ մշակվել է անընդհատ երթեւեկություն ապահովող ճանապարհային հանգույց՝ շրջադարձերի հնարավորությամբ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքի բնակիչների համար խնդրի լուծման կարեւորությունը, նշել է, որ ծրագիրը ներառված է Երեւան քաղաքի գլխավոր հատակագծում:

«Երեւան քաղաքի շրջանցիկ ճանապարհի ստեղծման համատեքստում նաեւ խնդիր էինք դրել լուծել Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց հանգույցի կառուցման հարցը: Հաշվի առնելով դրա ծանրաբեռնվածությունն ու խնդիրները՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» շրջանակում կազմվել էր նախագիծ, որով նախատեսվում էր էստակադայի կառուցում, ինչը, սակայն, հաշվի առնելով տվյալ հատվածի քաղաքաշինական միջավայրը, ճարտարապետների կողմից չընդունվեց: Քննարկումներ եղան նաեւ քաղաքաշինական խորհրդում: Արդյունքում ներկայում առաջարկվող տարբերակն ընդունելի է թե՛ ճարտարապետների կողմից եւ թե՛ կառուցման համար իրականացված խոշորացված հաշվարկով»,- նշել է Վահե Նիկոյանը:

Քննարկման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ներկայացված առաջարկի շուրջ մասնագիտական առավել մանրամասն հիմնավորումներ ներկայացնելու վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ