News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ ԳԴՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անցած հարուստ պետական-քաղաքական ուղին եւ պատկառելի փորձը լավագույնս կծառայեն Գերմանիայի հետագա զարգացմանն ու շարունակական վերելքին, միջազգային ասպարեզում դերակատարության ավելացմանն ու գերմանացի բարեկամ ժողովրդի բարօրությանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ-ի եւ ԳԴՀ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդ դարը երկու երկրներն ամփոփում են քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում լուրջ ձեռքբերումներով եւ դրանք երկուստեք լրացնելու պատրաստակամությամբ, ինչի մասին են վկայում վերջին տարիներին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ փոխադարձ այցերի զգալի ակտիվացումը, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված կապերի ընդլայնումը, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը Գերմանիայի հաստատակամ աջակցությունը։

«Այսօր Գերմանիան նաեւ Հայաստանի առաջնային տնտեսական եւ դոնոր գործընկերներից է, մեր երկրում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումների հետեւողական աջակիցը:

Մեծապես կարեւորում եմ այն հանգամանքը, որ մեր գործակցությունը խարսխվում է ոչ միայն փոխադարձ շահերի, այլեւ ընդհանուր արժեհամակարգի վրա: Դրա վկայությունն էր նաեւ անցյալ տարի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը:

Անձամբ ծանոթ լինելով Ձեր պրոֆեսիոնալիզմին ու հայրենասիրությանը՝ համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները ոչ միայն կպահպանեն ներկայիս դինամիկան, այլեւ նոր խթան կստանան՝ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների բարօրության:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձր եւ պատասխանատու պաշտոնում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ