News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Գյումրի-Երեւան ավտոճանապարհին 2014թ. մարտի 11-ին 2 մարդու կյանք խլած վթարի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Շուրջ 1.5 տարի տեւած նախաքննությունից հետո գործն ուղարկվել է դատարան, եւ կողմերն առ այսօր դատական քաշքշուկների մեջ են:

Ինչո՞ւ է ամբաստանյալ Գուրգեն Համբարձումյանը դուրս եկել հանդիպակաց ուղեմաս եւ հարվածել դեպի Երեւան ընթացող Արամայիս Քանանյանի ավտոմեքենային: Եղե՞լ է վազանցող մեքենան: Ի՞նչ դիրքով է նստած եղել տուժող Ռուզաննա Ղազարյանը, արդյոք նրա ցուցմունքներն արժանահավատ են: Ի՞նչ լուծում կստանա քաղաքացիական հայցը: Այս հարցերի պատասխանն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեռ չունի: Այս փուլում հետազոտվում են գործում առկա ապացույցները: Դատաավոտեխնիկական երեք փորձաքննությունների եզրակացություններով մասնագետներն ապացուցված են համարել, որ Գուրգեն Համբարձումյանը խախտել է երթեւեկության կանոնները, մեքենան վարել է 78կմ/ժ եւ ավելի արագությամբ, իսկ Արամայիս Քանանյանը` 40-50 կմ/ժ եւ ավելի արագությամբ:

Թեեւ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վազանցող մեքենա չի եղել, ամբաստանյալի պաշտպան Աստղիկ Պապիկյանը շարունակում է պնդել հակառակը: Նրա խոսքով, իր պաշտպանյալը փորձել է շրջանցել վազանցող մեքենային, խուսափել ճակատ ճակատի բախումից, անցնել երկու մեքենաների արանքով, որի ընթացքում էլ բախվել է Քանանյանի մեքենային:

«Բոլոր փորձաքննությունների եզրակացություններում, մեղադրանքը հիմնավորող ապացույցների հիմքում դրված են տուժող Ռուզաննա Ղազարյանի ցուցմունքները: Տուժող Ռուզաննա Ղազարյանի ցուցմունքների համաձայն` ինքը զրուցելիս է եղել մահացած բարեկամուհու` Սիլվա Գեւորգյանի հետ, եւ այդ պահին լսել է վարորդ Արամայիս Քանանյանի ձայնը` «արա, գիժ ա, գալիս ա վրաներս»: Ինքն այդ պահին նայել է, եւ այդ պահին մեքենաների միջեւ տարածությունը եղել է 6-7 մետր, որից հետո բախում է եղել: Ռուզաննա Ղազարյանը վստահ նշում է, որ վազանցող մեքենա չի եղել, եթե լիներ, ինքը պարտադիր տեսած կլիներ: Փորձագետը նշում է, որ վտանգի առաջացման եւ բախման պահի տեւողությունը կարող էր լինել 1.55 վայրկյան, այսինքն սրանով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Ռուզաննա Ղազարյանի նկարագրած երեւոււյթները հնարավոր չէ ֆիքսել այդքան կարճ ժամանակահատվածում:

Վկա Խաչատուր Սերոբյանը նույնպես ցուցմունք է տվել, որ երթեւեկել է Գուրգեն Համբարձումյանի հետեւից եւ տեսել է շատ մեծ արագությամբ անցնող մեքենա, որից հետո արդեն տեսել է բախված ավտոմեքենաները»,- պատմում է Աստղիկ Պապիկյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ եւ տուժողի շահերը պաշտպանող Ռուբիկ Մովսիսյանը, սակայն, նշում է` վազանցող մեքենա չի եղել, նախաքննությունը նույնպես դրա վերաբերյալ տվյալներ ձեռք չի բերել. «Մինչ առաջին փորձաքննության եզրակացությունը՝ Գուրգեն Համբարձումյանը երկու անգամ ցուցմունք էր տվել, որ Արամայիս Քանանյանի մեքենան դուրս է եկել վազանցի եւ այդ ընթացքում մուտք գործել իր երթեւեկելի ուղեմաս, որտեղ էլ եղել է վթարը: Սակայն փորձաքննության եզրակացությունից հետո, երբ արդեն հայտնի դարձավ, որ վթարը եղել է Քանանյանի ուղեմասում, Համբարձումյանը փոխել է ցուցմունքն ու ասել, որ մեկ այլ մեքենա է դուրս եկել վազանցի, ինքն էլ ստիպված փորձել է շրջանցել եւ այդ ընթացքում հարվածել Քանանյանի մեքենային»:

Նշենք, որ ողբերգական վթարի օրը Գուրգեն Համբարձումյանն իր վարած «Ֆոլկսվագեն Ջետտա» մակնիշի մեքենայով դուրս է եկել իր երթեւեկելի գոտուց, մտել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ թեքությամբ հարվածել իր երթեւեկելի գոտով դեպի Երեւան ընթացող Արամայիս Քանանյանի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով վարորդ Արամայիս Քանանյանը եւ զոքանչը` Սիլվա Գեւորգյանը, մահացել էին, իսկ մյուս ուղեւորուհին` Ռուզաննա Ղազարյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

«Գործով ապացուցվել է, որ վթարը տեղի է ունեցել հենց Արամայիս Քանանյանի ուղեմասում, իսկ Գուրգեն Համբարձումյանն էլ դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ հարվածել»,- ասում է Ռուբիկ Մովսիսյանը:

Տուժող կողմը նախաքննությունից գոհ է, փաստաբանի կարծիքով, ձեռք են բերվել բավարար ապացույցներ Գուրգեն Համբարձումյանի մեղավորության վերաբերյալ եւ ապացույցների հիման վրա կազմվել է մեղադրական եզրակացությունն ու ուղարկվել դատարան. «Ապացույցները բավարար են, որ դատարանը կարողանա արդարացի մեղադրական դատավճիռ կայացնել»:

Ամբաստանյալի պաշտպան Աստղիկ Պապիկյանի գնահատմամբ մինչդեռ նախաքննությունը շատ թերի է վարվել, հենց այդ պատճառով էլ գործի վարույթից հեռացվեց քննիչը, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց հսկող դատախազը:

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ է արձանագրել, որ մեղադրողի կողմից խախտում կա ցուցումի հետ կապված, որը վերաբերել է իմ պաշտպանյալին ձերբակալելուն, մեղադրանք առաջադրելուն, խափանման միջոց ընտրելուն: Եթե դեպքի մասնակից անձը պարզված է, եթե կային փորձաքննությունների եզրակացությունները, ապացուցված էր մեղադրանքն` ըստ իրենց, դեպքից առնվազն երկու ամիս հետո կարող էին արդեն մեղադրանք առաջադրել եւ խափանման միջոցի հարցը լուծել, իսկ իրենք ձերբակալում են 2014թ. դեկտեմբերին` դատախազի ցուցումով»,- ասում է Աստղիկ Պապիկյանը:

Գուրգեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով, նա գրավի դիմաց ազատ է արձակվել: Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել դեպքից շուրջ մեկ տարի անց, քանի որ փորձաքննությունների եզրակացությունները ձգձգվում էին, իսկ նա էլ անընդհատ փոխում էր ցուցմունքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ