Քաղաքացիների վրա տոտալ հարձակում կա, քանի որ տեղամասերում կեղծելը դժվարացել է: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
«Բացատրությունը հետեւյալն է, քանի որ տեղամասերում քչացել է կեղծիքը, որովհետեւ ցուցակների հրապարակումը եւ ամբողջ պրոցեսի նկարահանումը դժվարեցրել է կեղծարարների գործը, իրենք հարձակվել են մարդկանց վրա»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը մեկ անգամ չէ, որ լսել է մինչեւ 100 դոլարի հասնող ընտրակաշառքների բաժանման մասին, բայց ըստ նրա՝ նշաձողը բարձրանում է. «Անընդհատ լսում եմ այդպիսի բաներ։ Սա զանգվածային բնույթ է կրում։ Դրան գումարվել են նաեւ զանգերը, բակերում պտտվող թաղի տղեքը էլի ի հայտ են եկել։ 4-5 տարին մեկ ես Արաբկիրում եմ դա տեսնում, երբ հայտնվում են փող բաժանող բրիգադիրները, որոնք ամեն շենքում ու փողոցում իրենց կադրերն ունեն», - ասաց Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաեւ ԱՄՆ դեսպանի կոչին, որ կուսակցությունները զերծ մնան ընտրողների ձայները գնելու փորձից՝ նշելով.
«ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից կա արդար ընտրություններ տեսնելու կամք։ ԱՄՆ դեսպանի հարցազրույցը շատ հստակ է։ Դեսպանը հաղորդագրություն է ուղարկում քաղաքական կուսակցություններին զգույշ լինել ընտրակաշառք բաժանելուց, դա, բնականաբար, իշխանություններին է վերաբերվում։ Դա ոչ միայն զգուշացում է, այլ հետագա քայլերի համար ակնարկ», - ընդգծեց նա:
Ընդդիմադիր պատգամավորը անդարադարձավ նաեւ տարածքային ցուցակներով ընտրակարգին եւ շեշտեց, որ ՀՀԿ-ի տարածքային ցուցակները պատգամավորների միջեւ արդեն ծեծկռտուքի պատճառն են դարձել. «Նույն տարածքները բաժանում են, մեկ մեկին ահաբեկող մեսիջներ են ուղարկում: Մասնավորապես Արաբկիրում տասը ընկերներով ենք հանդես գալիս, իրար հարգող սիրող թիմակիցներով, որոնցից յուրաքանչյուրի համար ձեռնտու է, որ մյուսը շատ ձայն հավաքի։ Մենք թիմով ենք գնում ու հասկանում ենք որ ինչքան շատ ձայն Արաբկիրում ՀԱԿ-ը հավաքի, այդքան շատ պատագմավոր ունենալու հնարավորություն կլինի», - շարունակեց պատգամավորը։
Կոնգրեսի ներկայացուցիչը շեշտեց, որ իրենց միջեւ մրցակցություն չկա, օրինակ ինքը հաճույքով նպաստում է Արաբկիրում առաջադրված Զոյա Թադեւոսյանի, Տիգրան Պասկեւիչյանի, Արման Մուսինյանի ձայների հավաքմանը. «Ում էլ ձայն տաք, այդ ձայնը գնում է Կոնգրեսին, ինչը գոյություն չունի Հանրապետականի մոտ, քանի որ իրենք փող են դրել գործի մեջ, եւ փողի արդյունքը պիտի ստանան, իրենք փող են դնում, մենք ոգի ու միասնականություն»:




























